Ինչպես աշխարհի շատ երկրներում, Հայաստանում էլ կանայք ավելի երկար են ապրում, քան տղամարդիկ
1960-ական թվականներից ի վեր աշխարհում գրանցվել է ծննդյան պահից կյանքի սպասվող տևողության զգալի աճ, որն արտացոլում է առողջապահության, սանիտարահիգիենիկ պայմանների և կենսամակարդակի առաջընթացը:
ԵՊԲՀ առողջապահության ծրագրերի ազգային գիտահետազոտական «Հերացի» կենտրոն վերլուխության համաձայն, աշխարհում կյանքի միջին տևողությունը 1960 թվականին գրանցված մոտ 51 տարեկանից աճել է մինչև 73.3 տարի 2023 թվականին, ինչը վեց տասնամյակի ընթացքում միջինում ավելի քան 20 տարվա աճ է` չնայած կորոնավիրուսային համավարակի ժամանակ տեղի ունեցած ժամանակավոր նահանջին: Համավարակից հետո վերականգնումը կայուն է եղել, և համաշխարհային կյանքի տևողությունը 2023 թվականին վերադարձել է իր աճող հետագծին:
Ինչպես վկայում են ուսումնասիրության արդյունքները, Ճապոնիան առանձնանում է որպես համաշխարհային առաջատար կյանքի տևողությամբ։ 1960 թվականին կյանքի միջին տևողությունը այդ երկրում կազմել է մոտավորապես 68 տարի, բայց 2023 թվականին այն բարձրացել է մինչև 84 տարի, ինչն աշխարհում գրանցված ամենաբարձր ցուցանիշներից մեկն է (զիջում է միայն Հոնկոնգին ու Մոնակոյին)` ըստ ՄԱԿ-ի բնակչության բաժնի տվյալների։
Աշխարհի այլ երկրներում, արտացոլելով երկարակեցության աճի ավելի լայն եվրոպական միտումը, այնպիսի երկրներ, ինչպիսին է Իտալիան (83,7 տարի 2023 թվականին), նույնպես ամենաբարձր կյանքի տևողություն ունեցող երկրների շարքում են: Նշված երկու երկրների համար էլ համընդհանուր և ամուր առողջապահական համակարգերը և սննդակարգի պահպանման սովորությունները հաճախ նշվում են որպես հիմնական գործոններ:
Իր հերթին, Միացյալ Նահանգներում կյանքի տևողությունը 1960 թվականի մոտ 70 տարուց աճել է մինչև 78.4 տարի՝ 2023 թվականին: Այդ ժամանակահատվածում երկրի դանդաղ առաջընթացը, համեմատած այլ բարձր եկամուտ ունեցող երկրների հետ, կապված է մի շարք ազգային առողջապահական մարտահրավերների հետ, այդ թվում՝ վերջերս առաջացած օփիոիդային ճգնաժամի, ճարպակալման և առողջապահական անհավասարության հետ: Զուգահեռաբար, աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսություն ունեցող երկիրը՝ Չինաստանը, վերջին տասնամյակների ընթացքում զգալի թռիչք է կատարել կյանքի տևողության առումով՝ 1960 թվականի ընդամենը մոտ 33 տարեկանից մինչև 2023 թվականի 78 տարի, հասնելով ամերիկացիների ներկայիս կյանքի տևողությանը։ Այս փոխակերպումը հիմնականում պայմանավորված է տնտեսական աճով, առողջապահության հասանելիության բարելավմամբ և մանկական մահացության նվազմամբ։
Հայաստանում, ըստ վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների, 2024թ.-ին կյանքի սպասվող տևողությունը կազմել է 78.6, որը գերազանցում է վերջին 24 տարիներին գրանցված ցուցանիշներին: Ինչպես աշխարհի շատ երկրներում, Հայաստանում էլ կանայք ավելի երկար են ապրում, քան տղամարդիկ։ Օրինակ՝ 2000 թվականին երկրում կանանց կյանքի միջին տևողությունը կազմել է 75.8, իսկ տղամարդկանցը՝ 70.1 տարի։ 2024 թվականին այս ցուցանիշներն արդեն դարձել են համապատասխանաբար 81.7 և 75.1։
Համաձայն ՄԱԿ-ի «Աշխարհի բնակչության հեռանկարները 2024» համապարփակ ուսումասիրության արդյունքների` մեր երկրագնդի տարբեր աշխարհամասերում բնակչության կյանքի սպասվող տևողությունը տարբերվում է երկրից երկիր: Օրինակ Աֆրիկա աշխարհամասում, ըստ վիճակագրության, կյանքի սպասվող տևողությունը 2023թ.-ին եղել է 63.8, ամենաերկարակյաց բնակչություն ունեցող աֆրիկյան երկիրը Թունիսն է եղել 76.5 տարի արդյունքով,, իսկ կյանքի սպասվող տևողության ամենցածր արդյունքը գրանցվել Նիգերիայում` 54.78 տարի:
Ասիայում 2023թ.-ի տվյալներով կյանքի սպասվող միջին տևողությունը 74.6 տարի է, այս աշխարհամասում ամենաերկարակյացները չինական ՀոնկԿոնգ-ի բնակիչներն են 85.5 տարի կյանքի տևողությամբ, որին մի փոքր զիջում են ճապոնացիները` 84.7 տարի ցուցանիշով, իսկ ամենացածր ցուցանիշը տվյալ աշխարհամասում գրանցվել է Աֆղանստանում` 66 տարի:
Եվրոպայում կյանքի սպասվող միջին տևողությունը 79.1 տարի է եղել 2023թ.-ի վիճակագրության համաձայն, ամենաերկարակյացները Մոնակոյի բնակիչներն են, (86.4 տարի) որին հաջորդում է Սան Մարինոն (85.7 տարի), Անդորան (84 տարի) և Իտալիան (83.7 տարի), իսկ ամենացածր ցուցանիշ եվրոպական երկրներից գրանցվել է Մոլդովայում` 71.2 տարի կյանքի սպասվող տևողություն:
Հարավային Ամերիկայում, նույն աղբյորի համաձայն, կյանքի սպասվող տևողության միջին ցուցանիշը 77.3 տարի է, երկարակեցությամբ առաջին տեղում է Չիլին` 81.2 տարի ցուցանիշով, իսկ ամենացածր ցուցանիշը գրանցվել է Բոլիվիայում` 68.6 տարի տևողությամբ:
Աշխարհամասերից Ավստրալիան ունի բավականին երկարակյաց բնակչություն` 83.9 տարի կյանքի սպասվող տևողության ցուցանիշով:
Կյանքի սպասվող տևողությունը կարևոր ցուցանիշ է, որը ազդում է ինչպես անհատների, այնպես էլ հասարակության ընդհանուր բարեկեցության վրա: Այն արտացոլում է առողջապահական, տնտեսական և սոցիալական պայմանների համադրությունը, ինչը կարևոր է հանրային քաղաքականությունների ճիշտ ձևավորման համար:


