երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
 Ինչո՞ւ են ընկել Արցախի ԱԱԾ նախկին տնօրենի տեղակալի հետևից․ «Հրապարակ»

Ինչո՞ւ են ընկել Արցախի ԱԱԾ նախկին տնօրենի տեղակալի հետևից․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Լրատվամիջոցներում եւ ֆեյսբուքյան հարթակներում տեղեկություններ են տարածվել առ այն, որ Արցախի ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գագիկ Սարգսյանի՝ Սպեցնազի Գագոյի ընտանիքին պատկանող, Արցախում գործող «Դոմինիկ սիստեմ» ՍՊԸ-ն ֆինանսական չարաշահումներ է թույլ տվել։ Հրապարակումներից մեկում խոսվում է Սպեցնազի Գագոյի ընտանեկան բիզնեսի՝ «Բակո Սահակյանի օրոք ապօրինի տրամադրված եւ Արայիկ Հարությունյանի օրոք հանցավոր ճանապարհով ջրված միլիարդավոր պարտքերի մասին»։ 

Ըստ աղբյուրի՝ Գագիկ Սարգսյանի՝ 5 միլիարդից ավելի պարտքը նույնպես «ջրվել» է Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցով, եւ ներկայում նա պետության նկատմամբ որեւէ ֆինանսական պարտավորություն չունի։ 
Սպեցնազի Գագոյի որդին՝ Դավիթ Սարգսյանը, ով «Դոմինիկ սիստեմ» ՍՊԸ-ի փաստացի տնօրենն է, հրաժարվեց հանդիպել մեզ հետ եւ բանավոր մեկնաբանություն տալ՝ խնդրելով հարցերն ուղղել գրավոր։ Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ ընկերության տնօրենը զրպարտություն է որակել իրենց ընտանեկան բիզնեսի մասին պտտվող տեղեկությունները՝ նշելով, որ դրանք կոնկրետ շրջանակների կողմից քաղաքական պատվերներ են։

Մեր գրավոր հարցերին պատասխանելով՝ Դավիթ Սարգսյանը գրել է, որ 2015-2019 թթ. «Դոմինիկ սիստեմ» ՍՊԸ-ի կողմից ԱՀ ներդրումային հիմնադրամին մարված միայն վարկերը եւ վարկերի տոկոսագումարները կազմել են 1 մլրդ 200 մլն ՀՀ դրամ: Ըստ սեփականատիրոջ՝ մինչեւ 2020 թվականի 44-օրյա պատերազմը «Դոմինիկ սիստեմ» ՍՊԸ-ն չի ունեցել որեւիցե ժամկետանց ֆինանսական պարտավորություն։ «Ինչպես քառօրյա պատերազմից առաջ, այնպես էլ դրանից հետո ընկերությունը երբեք հրաժարված չի եղել իր պարտավորություններից: 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում «Դոմինիկ սիստեմ» ՍՊԸ-ն կորցրել էր ավելի քան 1 մլրդ 400 մլն ՀՀ դրամի շարժական եւ անշարժ գույք, որը ներկայացվել էր ԱՀ կառավարության համապատասխան մարմիններին, սակայն, որպես «յուրային», չի տրամադրվել որեւիցե փոխհատուցում: 2023 թվականի սեպտեմբերի 19-ի մեկօրյա պատերազմի եւ դրանից հետո ԱՀ քաղաքացիների բռնի տեղահանման արդյունքում «Դոմինիկ սիստեմ» ՍՊԸ-ն կորցրեց իր ամբողջ շարժական եւ անշարժ գույքը, որի ֆինանսական վնասի հաշվարկն այս պահին իրականացվում է, որը գերազանցում է 10 միլիարդ ՀՀ դրամը։ Իրավապահները կարող են ուսումնասիրել մեր ընկերության բիզնես գործունեությունը, բոլոր հարցերի պատասխանները մենք տվել ենք նաեւ մեր պաշտոնական էջում»,- գրել է ընկերության տնօրենը:

Ավելի վաղ Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը կոչ էր արել Հայաստանի իրավապահ մարմիններին՝ ենթադրյալ կոռուպցիայի վերաբերյալ ցանկացած տեղեկություն ուսումնասիրության առարկա դարձնել, գտնել եւ պատժել Արցախի պետական բյուջեից յուրացումների ու չարաշահումների յուրաքանչյուր դեպք, նաեւ պատրաստակամություն էր հայտնել՝ հանդիպել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ, նպաստել կոռուպցիոն գործերի բացահայտմանը։ «Հրապարակ»-ն իր աղբյուրներից տեղեկացավ, որ Վարդապետյանը որեւէ ձեւով չի արձագանքել Սամվել Շահրամանյանին։ Դատախազությունից փորձեցինք ճշտել՝ Սպեցնազի Գագոյի ընտանեկան բիզնեսի ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ վարույթ նախաձեռնվե՞լ է, թե՞ ոչ, հիշալ հրապարակումներն ուսումնասիրվո՞ւմ են ՀՀ իրավապահների կողմից, սակայն առայժմ չի հաջողվել։

Ավելին՝ թերթի այսօրվա համարոում։ 

  • Կիսվել: