երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ինքնաթիռը նոր դիզայնով են ներկել, իսկ մարդկանց ասում են՝ մի տուփ ծխախոտ քիչ ծխեք, փողը տնտեսեք. Մարուքյան

Ինքնաթիռը նոր դիզայնով են ներկել, իսկ մարդկանց ասում են՝ մի տուփ ծխախոտ քիչ ծխեք, փողը տնտեսեք. Մարուքյան

«Ինչո՞ւ է վարչապետն իր ինքնաթիռը նոր դիզայնով ներկել, երբ մարդկանց ասում է՝ մի տուփ ծխախոտ քիչ ծխեք, մի օղի քիչ խմեք, փողը տնտեսեք»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով վարչապետին սպասարկող ինքնաթիռին, որի դիզայնի համար, ըստ մամուլի հրապարակումների, ծախսվել է շուրջ 250.000 դոլար:

Նրա խոսքով, երբ հարցնում են, թե որքան գումար են ծախսել, պատասխանում են՝ պետական գաղտնիք է, մինչդեռ «Լուսավոր Հայաստանը» նախագիծ է ներկայացրել, որ պետական գաղտնիքը գաղտնազերծվի ու դառնա թափանցիկ։ «Դա արվել է նախկին իշխանությունների կողմից, և այս իշխանությունը դա քննադատել է մեզ հետ միասին: Հիմա եկել են իշխանության և նույնկերպ են վարվում: Ինքնաթիռը ներկելու գումարը չի կարող ժողովրդից գաղտնի լինել: Այդտեղ պետական գաղտնիքի բան չկա։ Իշխանությունը, որը ժուժկալության կոչ է անում ժողովրդին, պետք է ինքն ամենաժուժկալը լինի, հեղափոխական իշխանությունն ընդհանրապես պետք է ճգնավորի պես աշխատի»,- նշեց ԼՀԿ ղեկավարը:

Անդրադառնալով վարչապետի գրառմանը, որում վերջինս ասում էր, թե իրենք աշխատում են, այդ ճանապարհին գուցե նաև սխալներ լինեն, Էդմոն Մարուքյանը նշեց, որ չի ցանկանում ներկուսակցական ելույթները հրապարակեն, սակայն միաժամանակ ասաց, որ չի սխալվում նա, ով չի աշխատում, և ցանկացած իշխանություն սխալներ անում է:

«Սա լեգիտիմ ընտրված միակ իշխանությունն է, որն իր սխալները չի ընդունում: Ասում է՝ արել ենք սխալներ, բայց կոնկրետ չի նշում՝ որն է սխալ: Օրինակ՝ որ Երվանդ Խունդկարյանն այստեղ երդվեց, կարո՞ղ է դա նկատի ունի որպես սխալ: Հազար բան կարող են կասկածել, չէ՞: Իշխանությունը շարունակում է մնալ այն գծի մեջ, որ որևէ հարցում, անգամ եթե սխալ է անում, զիջելու տեղ չունի: Դա վատ բանի է տանում՝ ժողովրդավարական պրոցեսները դեպի ամբողջատիրականի: Անգամ ինձ վրա հարձակվելը չեն ընդունում, որ սխալ են անել: Ինչ արվել է, ժողովրդավարական իշխանությանը հարիր չէ: Հետևաբար իշխանությունն այս պահվածքով  կարող է դառնալ ոչ լեգիտիմ»,- նշեց Էդմոն Մարուքյանը։  

Հարին, թե հնարավոր է միանան կուսակցությունների՝ վարչապետի հրաժարականի պահանջին, խմբակցության ղեկավարն ասաց, որ «Լուսավոր Հայաստանն» ունի իր օրակարգը և որ օրը որոշեն վարչապետի հրաժարականը պահանջել, իրենք դա օդում չեն որոշելու, կնախաձեռնեն իմպիչմենտի գործընթաց խորհրդարանում:

«Մենք խորհրդարանական ուժ ենք, չենք կարող ասել բաներ, որ օդում մնա: Ես որ պահանջեմ հրաժարական, պետք է այդ հրաժարականը տան: Հետևաբար, եթե չեմ պահանջում, դրա նախադրյալները, դրա հասունության պահը չկա: Պատկերացնենք մեկը պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, նա էլ տվեց հրաժարականը: «Իմ քայլը» դաշինքը Ռոմանոս Պետրոսյանին ընտրեց վարչապետ, էդ մեկի ասածից ի՞նչ է փոխվելու: Իշխանությունը վարչապետը չի, իշխանությունն այս 88 հոգին են: Իրենք են որոշում՝ ով դառնա վարչապետ»,-նշեց Էդմոն Մարուքյանը:

  • Կիսվել: