շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Իմ այցի նպատակը բարեկամության արտահայտումն է. արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալլահեր

Իմ այցի նպատակը բարեկամության արտահայտումն է. արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալլահեր

Երեւանում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ Վատիկանի պետությունների հետ հարաբերությունների հարցերով քարտուղար, արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալլահերն ասաց, որ հաճույքով է ընդունել Հայաստան այցելելու՝ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հրավերը:

Նա ՀՀ իշխանություններին փոխանցեց Նորին գերազանցություն Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինի ողջույնները և օրհնանքն ու աղոթքները՝ հայ ժողովրդի հետագա զարգացման եւ խաղաղության ու ներդաշնակության համար:

Արքեպիսկոպոսն ասաց, որ իր այցի նպատակն է բարեկամության արտահայտումը, որը բնորոշում է երկկողմ հարաբերությունները:

«Հայաստանի եւ Սուրբ Գահի միջեւ երկկողմ հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի մայիսին, բայց մեր փոխգործակցությունն ավելի երկար պատմություն ունի՝ հատկապես այն պատճառով, որ հենց ձեր երկիրն է աշխարհի առաջին քրիստոնեական երկիրը: Ինչ վերաբերում է վերջին մի քանի տասնյակ տարիներին, ցանկանում եմ նշել, որ իտալական «Կարիտաս» հիմնադրամի նվիրատվության շնորհիվ «Նարեկ տիրամայր» հիվանդանոցը Աշոցքին է նվիրաբերվել Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդի կողմից եւ բացվել է 1991 թվականին:

10 տարի հետո՝ 2001 թվականին, Հովհաննես Պողոս պապն անձամբ այցելեց Հայաստան, իսկ 2015 թ. Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Սուրբ պատարագ մատուցեց Վատիկանի Սուրբ Պողոսի տաճարում:

2016 թ. Ֆրանցիսկոս պապն անձամբ այցելեց Երեւան, Էջմիածին եւ Գյումրի: Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը տարբեր առիթներով այցելել է Սուրբ Գահ: Նման այցեր է կատարել նաեւ Հայաստանի բարձրագույն հոգեւոր ղեկավարությունը: Մասնավորապես՝ նշեմ Նորին Սրբազնություն, կաթողիկոս Գարեգին Երկրորդի այցը», հիշեցրեց Վատիկանի պետությունների հետ հարաբերությունների հարցերով քարտուղարը:

Նա ընդգծեց նաև, որ երկկողմ հարաբերությունները բարձր մակարդակով հարաբերություններից շատ ավելի լայն են:

  • Կիսվել: