«ԻԳործ» ծրագրի ավարտից հետո մասնակիցների 70-80 տոկոսը մնում է Հայաստանում. Սինանյան
«ԻԳործ» ծրագրի իրականացումը, որը Սփյուռքի մասնագետներին հնարավորություն է տալիս աշխատելու Հայաստանի պետական կառույցներում, հաջող է եղել, քանի որ ծրագրի ավարտից հետո մասնակիցների 70-80 տոկոսը շարունակում է մնալ և աշխատել Հայաստանում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
Նա հիշեցրեց, որ ծրագիրն իրականացվում է 2020 թվականի սեպտեմբերից, սակայն ի սկզբանե այն հայրենադարձության բաղադրիչ չի ունեցել, մինչդեռ դրա իրականացման առաջընթացը ցույց է տվել, որ այն նպաստում է նաև հայերի վերադարձին իրենց հայրենիք։
Այս տարվա ծրագրի հայտերը, ըստ Սինանյանի, ընդունվում են փետրվարի 27-ից ապրիլի 4-ը. դիմումների մեծ մասը հիմնականում գալիս է Ռուսաստանից։
Նրա խոսքով՝ պահանջարկ ունեն տարբեր մասնագետներ, այդ թվում՝ ռազմագիտության, կրթության, իրավունքի, ՏՏ, գյուղատնտեսության և այլն ոլորտներում։