երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ի՞նչ գործառույթներ ունի Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի նորաստեղծ հանձնաժողովը

Ի՞նչ գործառույթներ ունի Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի նորաստեղծ հանձնաժողովը

Հայաստանում արդեն գրեթե մեկ տարի է՝ գործում է Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի հանձնաժողովը։ Այստեղ կարող են դիմել պացիենտները, որոնք գտնում են, որ բուժաշխատողը խախտել է մասնագիտական էթիկայի կանոնները։ Հանձնաժողովին կարող են դիմել նաեւ բուժաշխատողները՝ այլ բուժաշխատողների կողմից էթիկայի կանոնների խախտում արձանագրելով։
 
Հանձնաժողովը կազմված է 7 անձից, այստեղ ներգրավված են իրավաբաններ, հոգեբան, բժիշկ, պացիենտների իրավունքների պաշտպանությամբ զբաղվոող մարմինների ներկայացուցիչներ։ Հանձնաժողովի անդամներն ընտրվում են 3 տարի ժամկետով։
 
«Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ» ծրագրի ազգային փորձագետ Արազ Չիլոյանի խոսքով՝ հանձնաժողովը մարմին է, որը կոչված է ուսումնասիրել, դիտարկել ու քայլեր ձեռնարկել, զեկուցել պացիենտի հետ աշխատանքի ժամանակ առաջացած էթիկական խնդիրների մասին։
 
«Հանձնաժողովն անկախ մարմին է, հիմնված 6 սկզբունքների վրա՝ ինքնավարություն, արդարադատություն, բարեգործություն, ոչ չարամտություն, գաղտնիություն, ազնվություն։ Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի նպատակն է քննել բուժաշխատողների կողմից էթիկայի խախտման դեպքերը, որոշումներ կայացնել, որոշումներ կայացնելուց հետո էլ անել հաջորդ քայլերը։  Շատ կարեւոր է հետեւողական լինելը, որպեսզի հանձնաժողովի որոշումներն իրականացվեն։ Հետեւել, թե օրինակ նկատողությունը տվյալ բուժաշխատողի նկատմամբ իրականացվել է, ինչպես է արվել եւ այլն»։
 
Անկախ անդամներից կազմված այս հանձնաժողովն իրավական գործառույթներ չունի, այն չի կարող քննել քրեական կամ վարչական պատասխանատվություն նախատեսող որեւէ արարք։ Սակայն հանձնաժողովի որոշման արդյունքում բուժաշխատողը ոչ միայն կարող է նկատողություն ստանալ, այլև հնարավոր է մինչեւ անգամ որոշ ժամանակով կասեցվի նրա գործունեությունը։ Հանձնաժողովի նիստերն անցկացվելու են դռնփակ։
 
Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի հանձնաժողովի նախագահ Իզաբել Աբգարյանը նշում է՝ հանձնաժողովում որոշում կայացնելու հարցում միանշանակ ստանդարտներ չկան․
 
«Սա դատարան չի, արդարադատություն իրականացնող մարմին չի, էթիկայի հանձնաժողով է, այսինքն՝ վարք քննող մարմին։ Յուրաքանչյուր դեպք գնահատվելու է անհատական մոտեցմամբ։ Մենք չենք կարող իրավական եզրակացություններ տալ, էթիկական եզրակացություններ ենք տալու»,- ասում է նա։  
 
Նշենք նաեւ, որ հանձնաժողովը դեռեւս որեւէ դիմում չի ստացել։

  • Կիսվել: