շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
Ի՞նչ է խոստացել ԿԳՄՍ նախարարն աշխատանքը կորցրած ուսուցիչներին

Ի՞նչ է խոստացել ԿԳՄՍ նախարարն աշխատանքը կորցրած ուսուցիչներին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը խոստացել է միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչներին աջակցել բարձրագույն կրթություն ստանալու կամ ցանկության դեպքում այլ աշխատանքի տեղավորվելու հարցում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասացին նախարարի հետ հանդիպած ուսուցիչները։
 
Նշենք, որ միջին մասնագիտական կրթություն ունեցող և պարտադիր ատեստավորման շեմը չհաղթահարած ուսուցիչները, որոնք 2023թ․-ի դեկտեմբերից ազատվել են աշխատանքից, այսօր առավոտից բողոքի ակցիա են իրականացնում ԿԳՄՍՆ շենքի դիմաց։ Պահանջները լսելու համար նրանցից 3-ին ընդունել էր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
 
«Մենք նախ խնդրեցինք, որ թույլ տա մեզ մինչև ուսումնական տարվա վերջ աշխատենք, ասեց՝ խոսք չեմ տալիս, բայց կփորձեմ իրավաբանորեն այդ հարցը լուծել։ Ինչ վերաբերում է բարձագույն կրթություն ստանալուն, ապա նախարարը ասաց, որ պետությունը մեզ կօգնի վճարի հարցում»,- ասաց ուսուցիչներից մեկը։
Նախարարը առաջարկել է նաև այն ուսուցիչներին, որոնք չեն անցել ատեստավորման նվազագույն շեմը, բայց դեռ ուսանող են (սովորում են որևէ ԲՈՒՀ-ում), ժամանակավոր անցնել այլ աշխատանքի։
 
«Ասաց՝ շրջաբերական կուղարկենք, տեսնենք գրադարաններում, լաբորատորիաններում, որտեղ թափուր տեղեր կան, որ բարձրագույն կրթություն չի պահանջում , կուղղորդենք այնտեղ աշխատելու։ Իսկ երբ արդեն ունենաք բարձրագույն կրթություն կկարողանաք կրկին ատեստացիա անցել ու մասնակցել ուսուցիչների մրցույթներին»,- պատմեցին ուսուցիչները։
Նրանք հայտնեցին, որ ընդհանուր առմամբ գոհ են հանդիպումից, կսպասեն մեկ ամիս, եթե հարցը չլուծվի, կրկին կգան նախարարություն։

  • Կիսվել: