չորեքշաբթի, հուլիս 29
29 / 7 / 2026
Ի՞նչ անել միջատի խայթոցի դեպքում. ՀՎԿԱԿ

Ի՞նչ անել միջատի խայթոցի դեպքում. ՀՎԿԱԿ

Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնը հայտնել է, թե ինչ է պետք անել միջատի խայթոցի դեպքում:
 
՛՛Ամռանը միջատների խայթոցներն ավելի հաճախակի են։ Շատ դեպքերում դրանք առաջացնում են խայթոցի
հատվածում կարմրություն, այտուց կամ քոր, որոնք սովորաբար անցնում են մի քանի օրվա ընթացքում։
 
Սակայն որոշ դեպքերում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկական օգնության։
 
Ի՞նչ անել միջատի խայթոցի դեպքում
 
 Լվացեք խայթոցի հատվածը օճառով և հոսող ջրով
 
 Դրեք սառը թրջոց կամ սառը կոմպրես՝ այտուցը և քորը նվազեցնելու համար
 
 Մի քորեք խայթոցի հատվածը՝ մաշկի վնասումն ու վարակման վտանգը նվազեցնելու համար
 
Անհապաղ դիմեք բժշկի, եթե`
 
 Դժվարանում եք շնչել կամ կուլ տալ
 
 Առաջանում է դեմքի, շրթունքների, լեզվի կամ կոկորդի այտուց
 
 Նկատվում է գլխապտույտ, թուլություն կամ գիտակցության խանգարում
 
 Ուժեղանում է կարմրությունը, այտուցը կամ ցավը խայթոցի հատվածում
 
 Բարձրացել է մարմնի ջերմաստիճանը կամ վատացել ընդհանուր ինքնազգացողությունը
 
Ինչպե՞ս պաշտպանվել միջատների խայթոցներից
 
 Օգտագործեք միջատներին վանող միջոցներ (ռեպելենտներ)
 
Կրեք փակ հագուստ, հատկապես բնության գրկում գտնվելիս
 
 Օգտագործեք հակամիջատային ցանցեր տանը և հանգստի վայրերում
 
Կանխեք խայթոցները։ Ճանաչեք վտանգի նշանները։ Ժամանակին դիմեք բժշկի՝
բարդություններից խուսափելու և ձեր առողջությունը պահպանելու համար՛՛,-ասված  է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: