հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Հզոր համայնքը Ջավախքում». ծրագիր, որի նպատակը ՀՀ մարզերի երիտասարդներին Ջավախքի երիտասարդների հետ ծանոթացնելն է

«Հզոր համայնքը Ջավախքում». ծրագիր, որի նպատակը ՀՀ մարզերի երիտասարդներին Ջավախքի երիտասարդների հետ ծանոթացնելն է

Այսօր, հուլիսի 9-ին Ախալքալաքում «Էսթերոքս» ընկերությունը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (ՋԱՀ), «Awesome Foundation Javakhk»-ը, «Հզոր Միտք»-ի հետ համատեղ կազմակերպել են հետաքրքիր հանդիպում երիտասարդների համար։ Ծրագրի նպատակն է՝ ծանոթացնել Հայաստանի մարզերի երիտասարդներին Ջավախքի երիտասարդների հետ, ինչպես նաև նպաստել նրանց անձնային ներուժի բացահայտմանը և աճին, գրում է jnews.ge-ն:

Միջոցառումը մի քանի բաղադրիչ մասից էր կազմված: Կազմակերպիչները միասին էին կազմել միջոցառման օրակարգը, և ամենը իր մասն ուներ ներդրած և իր ասելիքը ջավախքցի երիտասարդներին:

Մինչ միջոցառման պաշտոնական մեկնարկը անցկացվեցին խաղեր, որոնց ընթացքում երիտասարդները շատ արագ մտերմացան: Այնուհետև Հայաստանից տարբեր ասպարեզներում գործունեություն ծավալող մարդիկ իրեց փորձով կիսվեցին հավաքված երիտասարդների հետ։ Ընթացքում բանախոսություններ եղան հետևյալ թեմաներով՝ մեդիագրագիտություն, կրեատիվ մտածողություն, մասնագիտության կողմնորոշում և համոզմունք և ժամանակի կառավարում։

Փորձով կիսվելու հրավիրվածները պատահական չէին ընտրվել ՋԱՀ-ի կողմից:
“Հայաստանից այցելել են կայացած ջավախքցի երիտասարդներ, մարդիկ ովքեր բավականին երկար ճանապարհ են անցել, ունեն հաջողություններ և եկել են կիսվելու այդ հաջողությունների մասին։ Իրենց փորձով օգտակար լինեն մասնակիցներին”, – ասաց ՋԱՀ հիմնադրամի տնօրեն Սամվել Մկոյանը։

«Հզոր միտքը» նպաստում է երիտասարդների աճին, նրանց միմյանց հետ ծանոթացնելով և ոչ միայն:

“Մենք 2019 թվականից իրականացնում ենք նմանատիպ միջոցառումներ, հիմնականում մարզերում և այնպիսի համայնքներում, որտեղ երեխաները ավելի պասիվ են։ Իրականացնում ենք սեմինարներ, կրթական ծրագրեր անձնային աճի մասին, ինչը հիմք է դառնում, որ այդ երիտասարդները ծանոթանան իրար հետ, ճիշտ մասնագիտական ընտրություն կատարեն և այլն։ Կարծում եմ այսպիսի հանդիպումներ էլի կլինեն”, – ասաց Մհեր Մկրտչյանը «Հզոր միտք» կազմակերպության և Ուսանողի տան նախագահը։

“Awesome Foundation Javakhk” նախագծի հեղինակներից Դավիթ Մկոյանը այստեղ էր, որ ներկայացներ երիտասարդներին, որ նրանք կարող են ֆինանսավորում ստանալ հետաքրքիր մտքեր իրականացնելու համար:

“”Awesome Foundation Javakhk” կազմակերպությունը գործունեություն է ծավալում Հայաստանի բոլոր մարզերում արդեն մի քանի տարի, ես ներսից ծանոթացա աշխատանքին, և ցանկացա, որ նույնը ունենանք նաև Ջավախքում և այս տարվանից սկսեցինք մեր գործունեությունը այստեղ։ Միտքը շատ պարզ է, հավաքվում են մի խումբ մարդիկ, ովքեր ամսական նվազագույն վճարում են անում, որի հիման վրա ձևավորվում է 1000 դոլարանոց միկրո գրանտ, մեծ գումար չէ, բայց գյուղերում հնարավոր է հետաքրքիր նախագծեր անել։ Արդեն ունենք ֆինանսավորած նախագիծ, որը լինելու է Դամալա գյուղում”, – ասաց Դավիթ Մկոյանը։

Նախագծերը կարող են լինել ցանկացած ոլորտի, որոնք դրական փոփոխություն կբերեն գյուղի կյանքին։ Չկա ոչ մի սահմանափակում։

Հանդիպմանը ներկա էին ակտիվ երիտասարդներ Հայաստանի տարբեր մարզերից, ովքեր այսօր եկել էին իրենց փորձով կիսվելու Ջավախքի երիտասարդների հետ։

Հավաքված երիտասարդները մոտ 200 էին, ովքեր շատ մեծ սպասումներ ունեին, և հույս ունեն, որ այսպիսի հանդիպումները շարունակական կլինեն։

“Մեզ համար շատ կարևոր է այսպիսի հանդիպումը, քանի որ նախ շատ տեղեկություն ենք հավաքում, և ծանոթանում ենք շատ հետաքրքիր մարդկանց հետ։ Եվ կապը միշտ պահպանում ենք, կապ չունի Հայաստանից են այդ երիտասարդները, թե այստեղից”, – ասաց Բալխո գյուղից Դիանա Մկրտչյանը։

Շուշիկ Սահակյանը Բուղաշենից ևս կարևորում է նմանատիպ հանդիպումների իրականացումը Ջավախքում:

“Մեզ համար հետաքրքիր է շատ, նոր գիտելիքներ, նոր շրջապատ, փորձում ենք մասնակցել այսպիսի բոլոր հանդիպումներին”, – ասում է նա։

Հզոր միտքը Հայաստանի տարբեր մարզերում իրականացնում է համայնքային ծրագրեր, հավաքում է մարզերի երիտասարդներին, նպաստում է նրանց ակտիվացմանը, որպեսզի նրանք բարձրացնեն մարզերի խնդիրները և լուծում գտնեն դրանց համար:

Առաջին հանդիպումը եղել է Երևանում հունվարի 29-ին, որին մասնակցել են 1000-ից ավել երիտասարդներ տարբեր մարզերից։

Կազմակերպիչները հույս ունեն, որ այս նախագիծը շարունակական կլինի նաև Ջավախքում։

  • Կիսվել: