Հյուսիս-Հարավ ճանապարհի վիճահարույց հատվածի կառուցումը կմեկնարկի 1-1.5 ամսվա ընթացքում
Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շերամի փողոցի վիճահարուց հատվածի կառուցումը հրատապ կարգով կմեկնարկի։ Նախատեսվում է, որ այն մինչև այս տարվա ավարտ կհանձնվի շահագործման։
Որոշման նախագիծն ընդունվել է կառավարության վերջին՝ ապրիլի 18-ի նիստում։ Մինչ այդ ապրիլի 10-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը ապրիլի 10-ին որոշում է կայացրել քաղաքացիական գործով կիրառված հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին։
Հիշեցնենք, որ 2018-ին դատարանի վճռով ճանապարհի կառուցման համար վիճահարույց հողամասից առանձնացվել է 503 քմ տարածք, որը 40.5 մլն դրամ փոխհատուցման դիմաց գրանցվել է ՀՀ անունով։ Սեփականատերը` Արշակ Արշակյանը չի համաձայնել վճռի հետ, բողոքարկել է մինչև Վճռաբեկ դատարան, բայց այն մնացել է անփոփոխ։
Հողի նախկին սեփականատերը 2022-ին դիմել է դատարան՝ պահանջելով վերականգնել իր սեփականության իրավունքը, ինչպես նաև անվավեր ճանաչել գերակա շահ ճանաչելու վերաբերյալ բոլոր իրավական փաստաթղթերը։ Դիմումն ընդունվել է վարույթ ու որպես հայցի ապահովման միջոց դատարանն արգելել է քաղաքապետարանին որևէ շինարարություն իրականացնել։ Ասիական զարգացման բանկի պատվերով 2025-ի օգոստոսին իրականացվել է հողամասի նոր գնահատում, ինչի հիման վրա քաղաքապետարանը սեփականատիրոջն առաջարկել է 202 մլն դրամ, մոտ 5 անգամ ավելի, քան նախկինում փոխհատուցել են։
Սեփականատերը կրկին չի համաձայնել, պահանջելով 700 մլն դրամ փոխհատուցում, ինչպես նաև 10 տարի օգտագործած հողի սեփականաշնորհում ու դրա դիմաց էլ փոխհատուցում։
Դատարանի կողմից կիրառված արգելքանքի հետևանքով Երևան քաղաքի Բաբաջանյան–Աշտարակի խճուղու ճանապարհային ենթակառուցվածքի մինչև 270 մետր հատված մնացել է անավարտ, ինչը պատճառ է դարձել այս հատվածում երթևեկության խաթարման՝ առաջացնելով վթարներ, խցանումներ։
Ապրիլի 18-ի նիստում գործադիրը սահմանել է Երևան քաղաքի Բաբաջանյան – Աշտարակի խճուղի ճանապարհային հատվածի անավարտ մասի կառուցման շինարարական աշխատանքների և հարակից ծառայությունների գնման գործընթացների կազմակերպման առանձնահատկությունները։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը նշել է, որ ներկայում արգելանքը վերացված է, ուստի անհրաժեշտ է անհապաղ ձեռնամուխ լինել շինարարական աշխատանքների իրականացմանը, ինչը հնարավորություն կտա ապահովել տվյալ հատվածով անվտանգ և անխափան երթևեկությունը։ Փոխնախարարը տեղեկացրել է, որ աշխատանքների մեկնարկի համար անհրաժեշտ է վերանայել նախագծային փաստաթղթերը․ առկա նախագծերը կազմվել և հաստատվել են դեռևս 2015-16 թվականներին, և տարիների ընթացքում տեղանքում տեղի են ունեցել ֆիզիկական և ինժեներական փոփոխություններ։ Քրիստինե Ղալեչյանի խոսքով՝ որոշմամբ սահմանվում են գնման գործընթացների կազմակերպման հատուկ պայմաններ՝ ծրագրի արդյունավետ իրականացումն ապահովելու համար։ Ըստ նրա՝ սահմանվող կարգավորումները կապահովեն մրցակցային և թափանցիկ ընթացակարգեր և թույլ կտան կառավարել պայմանագրերի կատարման ռիսկերը՝ հաշվի առնելով ծրագրի բարձր հանրային նշանակությունը։
Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նախագիծն ունի շատ կարևոր նշանակություն, որովհետև ճանապարհի այդ հատվածի երկու կողմերը պատրաստ են, և հիմա հնարավորություն է ստեղծվել այն հնարավորինս արագ իրականացնելու։ Դիմելով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ Փաշինյանը նշել է, որ հետաձգումների նոր փուլի մեջ չընկնելու համար անհրաժեշտ է Երևանի քաղաքային իշխանությունների և ՏԿԵ նախարարության աշխատանքի սերտ կոորդինացիա։
Տիգրան Ավինյանը ներկայացրել է ծրագրի մանրամասները, մասնավորապես նշելով, որ առաջիկա 1-1,5 ամսվա ընթացքում փաստացի աշխատանքները պետք է մեկնարկեն։
Նախագծի ընդունման արդյունքում հնարավորի կլինի հրատապ կարգով մեկնարկել ճանապարհի անավարտ հատվածի շինարարական աշխատանքները՝ երաշխավորելով մինչև 2026 թվականի տարեվերջ դրա կառուցումը և շահագործման հանձնումը:


