ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՀՅԴ-ն իր զորակցություն է հայտնում Լիբանանի եղբայրական ժողովրդին եւ լիբանանահայությանը

ՀՅԴ-ն իր զորակցություն է հայտնում Լիբանանի եղբայրական ժողովրդին եւ լիբանանահայությանը

Հայ Յեղափոխական Դաշնակցության ամբողջ ընտանիքի անունից, ի հայրենիք եւ ի սփյուռս աշխարհի, մեր անվերապահ զորակցությունն ենք հայտնում Լիբանանի եղբայրական ժողովրդին եւ լիբանանահայությանը, Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած ահավոր պայթյունի հետեւանքով արձանագրված մարդկային, բարոյական եւ նյութական հսկայական կորուստների եւ վնասների համար: Այս մասին ասված է օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ ՀՅԴ Բյուրոյի հայտարարության մեջ։

«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում անմեղ զոհերի ընտանիքներին, շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին, կամք ու կորով` լիբանանահայ մեր քույրերին եւ եղբայրներին, դժվարին այս դրությունը հաղթահարելու համար: Մեկ անգամ եւս հաստատում ենք, որ Լիբանանի հայ համայնքը եղել է, կա ու կմնա հայ ժողովրդի մի կարեւոր օղակը, որ մշտապես ու անվերապահորեն առավելագույնն է նվիրաբերել մեր ժողովրդի հավաքական զոհասեղանին, եւ մղձավանջային պայմանների բերմամբ այսօր ինքն է հայտնվել աննախադեպ լրջագույն մարտահրավերների առաջ:

Անցած մեկ տարվա ընթացքում երկրում տիրող քաղաքական անկայունությւնը, սոցիալ-տնտեսական-ֆինանսական ճգնաժամը, թագավարակը եւ այս ամենին զուգահեռ սարսափելի պայթյունն իրավամբ դարձել է անտանելի ու անըմբնելի մարդկային բանականության համար», ասված է ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունում։

ՀՅԴ Բյուրոն պայթյունի առաջին րոպեներից մշտական կապի մեջ է ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի հետ եւ մոտիկից հետեւում է իրադարձությունների զարգացումներին:

«Վստահ ենք, որ Հայաստանի եւ Արցախի մեր պետությունները գործնական օժանդակություն կցուցաբերեն լիբանանահայ համայնքին: Կոչ ենք անում հայրենի եւ աշխարհասփյուռ մեր ժողովրդին այս ծանր պահին ամուր կանգնել լիբանանահայության կողքին:

Հայ Յեղափոխական Դաշնակցության բոլոր կառույցները, ինչպես նաեւ մեր ուղեկից միությունները` ՀՕՄ-ը, Համազգայինը, ՀՄԸՄ-ն իրենց ամբողջ ներուժն արդեն իսկ զորաշարժի են ենթարկել՝ Լիբանանի հայության օժանդակելու համար:

Սիրելի՛ հայրենակիցներ, պահը լուրջ է: Խիստ անհրաժեշտ է, որ ազգովին, համահայկական ներուժով դիմագրավենք այս արհավիրքը եւ մեկ անգամ եւս ապացուցենք մեկ ու միասնական ազգ լինեու մեր հավատամքը», նշված է ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունում:

 

  • Կիսվել: