երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Հուսով եմ օրենսդրությունն ամբողջությամբ կկիրառվի և մեր վարորդներն էլ կհեռացնեն իրենց ավտոմեքենաների ապակիների թաղանթները. Արսեն Թորոսյան

Հուսով եմ օրենսդրությունն ամբողջությամբ կկիրառվի և մեր վարորդներն էլ կհեռացնեն իրենց ավտոմեքենաների ապակիների թաղանթները. Արսեն Թորոսյան

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կրկին անդրադարձել է ճանապարհային վթարների առաջացման պատճառներին:

Վստահ եմ շատերդ գիտեք, որ ճանապարհային վթարների առաջացման մեջ իր ուրույն և վատ իմաստով «ծանրակշիռ» դերն ունի նաև ավտոմեքենաների ապակիների թաղանթապատումը, որը բերում է տեսանելիության կտրուկ անկման, ինչն էլ հենց ինքնին հաճախ պատճառ է դառնում վթարների:

ՀՀ կառավարության 28.06.2007թ. 955-Ն որոշման հավելված 2-ի (Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկ), 6-րդ կետի, 5-րդ մասն ասում է, որ այս խնդիրներն ունեցող տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է

5) տրանսպորտային միջոցի՝

ա. ապակիների (այդ թվում՝ արտաքին թաղանթապատում ունեցող հետևի դիտապակու կամ հետևի կողային ապակիների) լուսաթափանցելիությունը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափերին,

բ. առջևի դիտապակին կամ առջևի կողային ապակիները վարագուրապատված են,

գ. հետևի դիտապակին կամ հետևի կողային ապակիները վարագուրապատված են և բացակայում են հետին տեսանելիության 2 կողային հայելիները.

Նախկինում ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափանիշները կարգավորված էին ՀՀ կառավարության 24.02.2005թ. թիվ 289-Ն որոշմամբ, որը սակայն ուժը կորցրած է ճանաչվել, քանի որ այժմ գործում են ԵԱՏՄ «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» կանոնակարգը (ՄՄ ՏԿ 018/2011), ըստ որի.

Հողմապակու և ապակիների լուսանցիկությունը, որոնց միջով ապահովվում է վարորդի համար տեսանելիությունը, պետք է կազմի առնվազն 70 %: Զրահապատ պաշտպանական միջոցով համալրված տրանսպորտային միջոցների համար այդ ցուցանիշը պետք է կազմի առնվազն 60%։

Տվյալ պահանջը չի կիրառվում М1 կատեգորիայի տրանսպորտային միջոցների հետևի ապակիների նկատմամբ պայմանով, որ տրանսպորտային միջոցը սարքավորված է հետին տեսքի արտաքին հայելիներով, որոնք բավարարում են տվյալ հավելվածի պահանջները:

Այսինքն պարզ լեզվով եթե ասենք, ապա հողմապակու և դիմացի կողային ապակիների լուսաթափանցելիությունը ՉՊԵՏՔ Է ԼԻՆԻ 70%-ից ցածր, իսկ մենք ամեն օր տեսնում ենք հարյուրավոր մեքենաներ դիմացի կողային ապակիների թաղանթապատումով, որը լուսաթափանցելիությունը իջեցնում է 70%-ից ցածր և թե’ վարորդը, հատակապես օրվա մութ ժամերին, գրեթե ոչինչ չի տեսնում ներսից, թե’ դրսից չի երևում վարորդը և դիմացի ուղևորը:

ՎԻՎՕ 123-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն «Ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ կամ առջևի հողմապակին թաղանթապատված վիճակում կամ կարգի խախտմամբ վարագուրապատված տրանսպորտային միջոցները վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով:

Այս հարցի կապակցությամբ գրավոր դիմել էի ՆԳՆ նախարարին, որպեսզի տեղեկանամ, թե ինչու վարչական պատասխանատվության չեն ենթարկվում դիմացի կողային ապակիների թաղանթապատում իրականացրած վարորդները և ստացել եմ պատասխան, ըստ որի, մեջբերում եմ «Արձանագրված իրավախախտումների մեծ մասը վերաբերում են առջևի հողմապակին թաղանթապատված վարելու դեպքերին, քանի որ տրանսպորտային միջոցների առջևի դռների և այլ ապակիների թաղանթապատված լինելը գործող օրենսդրությամբ վարչական պատասխանատվություն չի նախատեսում:» Չնայած նույն պատասխան գրության սկզբի մասում գրված է, թե ինչի համար է նախատեսված պատասխանատվություն: Իմ գրությունը և գրությանս պատասխանը կցում եմ:

Ինչպես ՎԻՎՕ համապատասխան հոդվածում նկատեցիք, պատասխանատվություն նախատեսվում է թե’ հողմապակու թաղանթապատման, թե’ ապակիների լուսաթափանցելիության չափի խախտման համար և ինձ համար տարօրինակ է, թե ինչպես կարող է ՎԻՎՕ համապատասխան հոդվածը նման կամայական մեկնաբանման արժանանալ այն գերատեսչության կողմից, որը պետք է լինի դրա կիրառողը և ճանապարհային անվտանգության քաղաքականություն մշակողը:

Հուսով եմ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները սկսեն կիրառել օրենսդրությունն ամբողջությամբ և ոչ թե կամայական մեկնաբանմամբ և մեր վարորդներն էլ կհեռացնեն իրենց ավտոմեքենաների թե’ հողմապակու, թե’ դիմացի կողային ապակիների թաղանթները, որպեսզի երթևեկեն անվտանգ և չտուգանվեն: Սա շատ կարևոր է նաև դրսից վարորդի և առջևի ուղևորի տեսանելիության համար, քանի որ տեսանելի կլինեն նաև այլ իրավախախտումներ (օր. ամրագոտի չկապելը), կհայտնաբերվեն հետախուզվողներ, որոնք անարգել երթևեկում են, ինչպես նաև դա կարևոր է երթևեկության ընդհանուր կարգապահության պահպանման համար:

  • Կիսվել: