ՀԾԿՀ-ն ՀԷՑ-ում վերջին չորս ամսում արտառոց իրավիճակ չի արձանագրել. Մեսրոպյան
Էլեկտրաէներգիայի մատակարարումը, բաշխման ծառայությունը դեռևս չի անցել հանրային կառավարման, այնտեղ հարուցված վարույթի շրջանակում նշանակվել է ժամանակավոր կառավարիչ ՀԾԿՀ նախագահի կողմից: Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ասաց ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պտագամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե ՀԷՑ-ում կա՞ն խնդիրներ, որոնք հանրային կառավարման ընթացքում են առաջացել:
Մեսրոպյանի խոսքով՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի նկատմամբ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից նախաձեռնված վարչական վարույթը կարող է ունենալ մի քանի ելք` նկատողություն, տույժ–տուգանք, լիցենզիայից զրկել կամ վարույթը կարճել։
Նա, մասնավորապես, նշեց. «Եթե վարույթն ամփոփվի լիցենզիայից զրկելով, ապա ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը կշարունակի մնալ այնքան ժամանակ, քանի դեռ պետությունը ՀԷՑ–ի սեփականատերերի հետ բանակցությունները չի ավարտվել։ Եթե վարույթը կարճվի, ապա ժամանակավոր կառավարիչը կգնա իրենց տուն կամ այլ աշխատանքի, և ՀԷՑ սեփականատերերը կշարունակեն կառավարել»:
ՀԾԿՀ վարույթի վերաբերյալ այլ մեկնաբանություններ չտվեց՝ նշելով, որ, ի տարբերություն իրեն, ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն ի պաշտոնե իրավունք ունի տարատեսակ կարծիքներ հայտնելու, մեկնաբանություններ տալու։
«Պետրոսյանն իր բոլոր հայտարարությունները անցած ամիսների ընթացքում կառուցել է ժամանակավոր կառավարչի՝ իրեն տրված լիազորությունների շրջանակում։ Ժամանակավոր կառավարիչը հանդիսանում է այդ հիմնարկի տվյալ ժամանակահատվածի համար գործադիր մարմնի ղեկավարը, որը կարող է ազատորեն խոսել տվյալ հիմնարկի ընթացքի, մոնիտորինգի կամ խնդիրների մասին»,– ընդգծեց հանձնաժողովի նախագահը։
Մեսրոպյանը բացարձակ սխալ համարեց այն դիտարկումները, որ թեև հանձնաժողովը անկախ մարմին է, բայց դարձել է կառավարության կցորդ. լսում, կատարում է միայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգները։
Նա ընդգծեց, որ երբ քննարկել են ՀԷՑ–ի` 2025 թ. ներդրումային ծրագրերը, վարույթ դեռ հարուցված չէր։
«ՀԷՑ–ի ներդրումային ծրագրերը մենք մերժել էինք օբյեկտիվ տեխնիկական պատճառներով։ Մենք ոչ թե ՀԷՑ–ի տվյալ տարվա ներդրումային ծրագրերը չենք հաստատել, այլ չենք ընդունել վերանայված առաջարկները։ Դա ունի իր պատճառաբանությունները»,– ասաց Մեսրոպյանը։
Մեսրոպյանի խոսքով՝ ՀԷՑ-ի կառավարման ընթացքում որևէ արտառոց իրավիճակ չի եղել:
«Դիտարկվող ժամանակահատվածում՝ այս 4 ամիսների ընթացքում, որովհետև շուտով կլրանա նշանակման 4 ամիսը, որևէ արտառոց իրավիճակներ՝ կառավարման, մենեջմենթի, տեխնիկական սպասարկման, համենայն դեպս, ՀԾԿՀ-ն չի արձանագրել, ինչը արտացոլում է իրական պատկերը»,- ասաց նա:
Նշենք, որ Ազգային ժողովն ընդունել էր մի նախագիծ, համաձայն որի՝ նախատեսվում է պետությանը լծակներ տալ՝ միջամտելու ՀԷՑ-ի կառավարմանը: Նախագծով պետությանը հնարավորություն է տրվում ունենալ արագ արձագանքման կառուցակարգեր, որպեսզի վտանգի բարձր հավանականության դեպքում գործադրվեն կանխարգելիչ միջոցներ:
ՀՀ վարչապետի որոշման համաձայն՝ Ռոմանոս Պետրոսյանը ազատվել էր Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից և նշանակվել ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ:


