կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հռոմում տեղի է ունեցել «Շնորհների լիություն, մարդասիրության լիություն. Ս. Ներսես Շնորհալին հազարամյակների հանգուցակետում» միջազգային գիտաժողովը

Հռոմում տեղի է ունեցել «Շնորհների լիություն, մարդասիրության լիություն. Ս. Ներսես Շնորհալին հազարամյակների հանգուցակետում» միջազգային գիտաժողովը

Հինգշաբթի, նոյեմբերի 30-ին և ուրբաթ, դեկտեմբերի 1-ին 2023 թ․ Հռոմի Արևելագիտության քահանայապետական ինստիտուտում տեղի ունեցավ «Շնորհների լիություն, մարդասիրության լիություն. Ս. Ներսես Շնորհալին հազարամյակների հանգուցակետում» միջազգային գիտաժողովը: Այն կազմակերպվել էր Սբ. Ներսես Շնորհալու վախճանի 850-րդ տարելիցի ոգեկոչման շրջանակներում, մինչդեռ նախատեսված այլ միջոցառումները՝ Հռոմում և Վատիկանի տաճարում, հետաձգվեցին անորոշ ժամանակով, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Գիտաժողովի նիստերին ուսումնասիրվեց պատմական համատեքստը, որում Սբ. Ներսես Շնորհալին ծավալել էր իր բազմաբնույթ գործունեությունը, արժևորելով նրա բանաստեղծական, երաժշտական, մեկնողական և սրբախոսական ստեղծագործությունները, հովվական առաքելությունը և ջանքերը ի նպաստ քրիստոնեայան միասնության։ Բանախոսները փորձեցին վեր հանել Շնորհալու աստվածաբանական մտքի խորությունն ու էկումենիկ հայացքների ընդարձակությունը և նրա միանգամայն եզակի, բացառիկ դիրքը քրիստոնեության պատմության մեջ։

Այս թեմաների շուրջ ելույթներով հանդես եկան լայն ճանաչում ունեցող փորձագետներ՝ կարդինալ Կլաուդիո Գուջերոտին, Պողոս Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը, Անուշավան արքեպիսկոպոս Դանիելյանը, Դանիել եպիսկոպոս Ֆնտգյանը, Վահան Տեր-Ղևոնդյանը, Մարկո Բաիսը, Ազատ Բոզոյանը, Վալենտինա Կալցոլարին, Բենեդետտա Կոնտինը, Պիտեր Քաուին, Ռոբերտա Էրվինը, Ռիկարդո Պանեն, Սերջո Լա Պորտան, Հայկ Ութիջյանը, Արմենուհի Դրոստ-Աբգարյանը, Զարուհի Պողոսյանը, Արմինե Մելքոնյանը, Ջեսի Առլենը, Էդդա Վարդանյանը, Էռնա Շիրինյանը և Աբրահամ Տերյանը։

Գերշ․ Տ․ Դանիել եպիսկոպոս Ֆնտգյանը փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը, իսկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի օրհնությունը բերեց Գերշ․ Տ․ Նարեկ արքեպիսկոպոս Ալեմեզյանը, որը նաև ընթերցեց Անուշավան արքեպիսկոպոս Դանիելյանի զեկույցը։

Գիտաժողովը կազմակերպել էին Պողոս Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը, պրոֆեսորներ՝ Մարկո Բաիսը, Ժելկո Փաշան, Զարուի Պողոսյանը, Աբրահամ Տերյանը, Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի հիմնարար աջակցությամբ և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի ֆինանսական օգնությամբ։

  • Կիսվել: