երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հրդորում ենք ՀՀ իշխանություններին՝ հրաժարվել զիջողական կեցվածքներից. Գերագույն հոգևոր խորհրդի տեղական ժողովի հայտարարությունը

Հրդորում ենք ՀՀ իշխանություններին՝ հրաժարվել զիջողական կեցվածքներից. Գերագույն հոգևոր խորհրդի տեղական ժողովի հայտարարությունը

Արցախում տիրող ծանր կացության առնչությամբ Գերագույն հոգեւոր խորհրդի տեղական ժողովը հանդես է եկել հայտարարությամբ։

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ․

«Վրդովմունքով ենք արձանագրում, որ Ադրբեջանի ռազմատենչ ու հայատյաց շարունակվող գործողությունների, Արցախի ամբողջական շրջափակման հետեւանքով առավել խորանում է հումանիտար իրավիճակը Արցախում: Խորապես մտահոգիչ է, որ, հակառակ ՌԴ Խաղաղապահ զորախմբի ներդրած ջանքերի, ադրբեջանական ագրեսիան ստանում է նոր ծավալներ:

Ստեղծված ծանր կացության մեջ, երբ Արցախի ժողովուրդը զրկված է անհրաժեշտ սննդի, դեղորայքի եւ կենսական պարագաների մատակարարումներից եւ բախվում է Ադրբեջանի ցեղասպանական գործողություններին, դիմում ենք Մինսկի խմբի համանախագահող երկրներին, Եվրամիության անդամ պետություններին՝ հրատապորեն ձեռնարկել կանխարգելիչ գործողություններ, այդ թվում Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ, որպեսզի ժամ առաջ ապաշրջափակվի Արցախի կյանքի ճանապարհը՝ Բերձորի (Լաչինի) միջանցքը, եւ վերականգնվի բնականոն կյանքը Արցախի Հանրապետությունում: Հարկ է, որ միջազգային հանրությունը առավել գործնական քայլերով դատապարտի Ադրբեջանի անմարդկային եւ թշնամական քաղաքականությունը՝ ուղղված Արցախի ժողովրդի դեմ։ Հարկադրանքի եւ հաշվեհարդարի սպառնալիքների ներքո Արցախում չի կարող հաստատվել խաղաղություն:

Մեր հորդորն ենք ուղղում Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ հրաժարվել զիջողական կեցվածքներից, դրսեւորել վճռականություն եւ մարդու հիմնարար իրավունքների համապարփակ կիրառմամբ ապահովել իրավիճակի այնպիսի հանգուցալուծում, որը երաշխիք կդառնա հայրենի հողի վրա Արցախի ժողովրդի անկախ, անվտանգ ու արժանապատիվ կյանքի։

Հորդորում ենք համայն մեր ժողովրդին ի Հայաստան եւ ի Սփյուռս՝ աննվազ հետեւողականությամբ շարունակել ջանքեր ներդնել՝ ի զորակցություն Արցախ աշխարհի եւ նրա հավատավոր ու հերոսական ժողովրդի:

Թող Աստված օրհնի Հայաստան եւ Արցախ մեր երկիրը եւ աշխարհասփյուռ մեր ժողովրդին. ամեն»:

  • Կիսվել: