չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Հրդեհը բռնկվել է Ջրվեժի սպունգի արտադրամասի պահեստում և բակային հատվածում. մանրամասներ

Հրդեհը բռնկվել է Ջրվեժի սպունգի արտադրամասի պահեստում և բակային հատվածում. մանրամասներ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, օգոստոսի 25-ին՝ ժամը 16։57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ջրվեժ գյուղի արտադրամասերից մեկի տարածքում։
 
ՆԳՆ փրկարար ծառայության տեղեկատվությամբ, հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան  փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, ԵՓՎ և ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման հերթապահ խմբերը, Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի քիմիկ-հետախույզը։
 
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է սպունգի արտադրամասի (3000 քմ) պահեստում և բակային հատվածում։
 
 
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ։
 
Օգնության են մեկնել Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս վեց մարտական հաշվարկ։
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։17-ին, մարվել՝ 19։16-ին։ Այրվել են շինանյութ, շինանյութի հումք և սպունգ։
 
Օպերատիվ գործողությունների արդյունքում  հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի սպունգի հումքով լի տակառներ։

  • Կիսվել: