երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հրազդանում մետաղյա խողովակներ են գողացել

Հրազդանում մետաղյա խողովակներ են գողացել

Ոստիկանության Հրազդանի բաժնում «Վիոլա Ջուր» ՓԲԸ-ին պատկանող խողովակաշարից երկաթյա խողովակների գողության վերաբերյալ օպերատիվ տեղեկություն էր ստացվել:

Հրազդանի բաժնի և ՊԾ Կոտայքի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում Ծաղկաձոր համայնքի Արտավազ բնակավայրի Հին գյուղ կոչվող տարածքում հայտնաբերել, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալել և Հրազդանի բաժին են տեղափոխել 47-ամյա, 58-ամյա և 57-ամյա երեք տղամարդկանց:

Պարզվել է, որ նրանք 57-ամյա տղամարդու կողմից շահագործվող «ՈՒՐԱԼ» մակնիշի մեքենայով, հափշտակություն կատարելու դիտավորությամբ, գնացել են Հին գյուղ կոչվող տարածք, որտեղ եռակցման միջոցով կտրել են «Վիոլա Ջուր» ՓԲԸ-ին պատկանող 500 մմ տրամաչափի երկաթյա խողովակաշարից մոտ 70 մետր երկարության խողովակներ, այնուհետև եռակցման միջոցով մասնատել են խողովակները և «ՈՒՐԱԼ» մակնիշի մեքենայով քարշակելով՝ հետագայում տեղափոխելու նպատակով իջեցրել են հարմար վայր:

«ՈՒՐԱԼ»-ը տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող տարածք:

Տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն:

 

  • Կիսվել: