ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հրաչյա Սարգսյանը հետևել է Երևանում իրականացվող ծրագրերի ընթացքին (տեսանյութ)

Հրաչյա Սարգսյանը հետևել է Երևանում իրականացվող ծրագրերի ընթացքին (տեսանյութ)

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն աշխատանքային այցի շրջանակում ծանոթացել է մայրաքաղաքում ընթացող և նախանշվող ծրագրերին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Էլի մի որոշ ժամանակ, ու ամբողջությամբ նորոգված և հարմարավետ պայմաններով բնակիչների տնօրինմանը կհանձնվի շուրջ 3 հա տարածք զբաղեցնող Նոր Արաբկիր զբոսայգին՝ ժողովրդին առավել հայտնի Մոլոկանի այգի անունով:

«Այգին վարձակալությամբ էր տրված, դեռևս 2019թ. վարձակալի հետ պայմանագիրը խզվեց՝ փոխադարձ համաձայնությամբ, որից հետո նախագիծ պատվիրվեց այգու բարեկարգման համար, և 2022թ.-ից սկսեցին աշխատանքները: Կարծում եմ՝ մոտ երկու ամսից ամբողջ աշխատանքներն ավարտած կլինենք և հնարավորություն կունենանք այն հանձնել մեր բնակիչներին: Այգիների բարեկարգման ու վերականգնման աշխատանքները մեր ուշադրության կենտրոնում են, և մենք շարունակական առաջ ենք շարժվելու, որպեսզի քաղաքացիների համար ունենանք լավ միջավայր»,- ընդգծել է քաղաքապետը:

Համալիր բարեկարգման ծրագրի շրջանակում հանգստի գոտին ապահովվել է ոռոգման նոր համակարգով ու արտաքին լուսավորության նոր ցանցով, տեղադրվել են էներգախնայող LED լուսատուներ, կառուցվել են թեքահարթակներ, բարեկարգվել են ճեմուղիները: Ծրագրի շրջանակում կվերագործարկվեն շատրվաններն ու ջրթափները, վերանորոգվում է «Նոր Արաբկիր» հուշարձանը:

Երևանյան լճի մաքրմանը զուգահեռ Հրազդան գետի վրա կտեղադրվի նաև ճաղավանդակ, կիրականացվեն աղբաորսիչ միջոցառումներ: Քաղաքապետին ներկայացնելով ճաղավանդակի տեղադիրքն ու նմուշը՝ պատասխանատուները նշել են, որ 18 կտորից բաղկացած ճաղավանդակը կտեղադրվի գետի ողջ լայնքով:

Միջավայրի համար պակաս վտանգ չեն ներկայացնում լճում առկա եղեգները: Նախորդ տարի Երևանի քաղաքապետարանի ծրագրով Երևանյան լճի և Հրազդանի կիրճի շուրջ 15 հա ափամերձ տարածքում իրականացվել են ճահճային բուսականության ցողման և չորացման աշխատանքներ: Գործընթացը կշարունակվի նաև այս տարի: Շարունակական կլինեն նաև ափամերձ տարածքների աղբից մաքրման աշխատանքները: Երկրորդ փուլի մրցույթն արդեն իսկ հայտարարված է:

Անհրաժեշտ ջրաքանակ ապահովելու և կանաչ տարածքները լիարժեքորեն ոռոգելու նպատակով փոփոխություններ են կատարվում Դալմայի ջրագծի որոշ հատվածներում: Անցկացվում է 630 մմ-անոց 344 գծմ երկարությամբ նոր խողովակաշար, այն հնարավորություն կտա ամբողջությամբ լուծել Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ոռոգման խնդիրը:

Քաղաքային ծրագրերը շարունակական են, նոր նախաձեռնությունները՝ նախագծման փուլում:

  • Կիսվել: