Հոգևորականության գործունեության մեջ ավելի շատ քաղաքական ինտրիգներ կան, քան Աստվածաշնչից բխող գործունեություն. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում քիչ առաջ անդրադարձավ հասարակության այն խմբերին, որոնք հիասթափվելու հստակ պատճառներ ունեն:
Նրա կարծիքով նման խմբերից մեկը հոգևորականությունն է: Վարչապետն ասաց, որ որքան Հայաստանն ընդգծում է գաղափարական իշխանության գոյության փաստը, այնքան ավելի ակնհայտ է դառնում Հայաստանում հոգևոր կյանքի սակավությունը: «Այսինքն՝ ինչքան Հայաստանում կա իշխանություն, որը փորձում է արժեքներ սերմանել, այնքան ակնհայտ է դառնում, որ հոգևոր կյանքն արժեքների սերմանման, գաղափարների սերմանման արդյունքում ունի բացեր ու մեծ պրոբլեմներ: Հետևաբար՝ սա հոգևորականության համար առաջացնում է լրջագույն հիասթափություն և դիսկոմֆորտ»,-ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ հոգևորականության գործունեության մեջ տեսնում է ավելի շատ քաղաքականություն, քաղաքական ինտրիգներ, քան՝ էության մեջ Աստվածաշնչից բխող գործունեություն: «Ես ինձ հարց եմ տալիս՝ արդյոք այսօրվա հոգևոր կյանքը մեզ մոտեցնու՞մ է աստվածաշնչյան տեքստին և գաղափարախոսությանը: Ես վստահ չեմ, որ այդ հարցը կարող է դրական պատասխան ունենալ»,-նշեց վարչապետը:


