ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հոգեբանները պետք է զբաղվեն կորոնավիրուսի մասին սուտ տեղեկություններ տարածողներով․ Համաճարակաբան

Հոգեբանները պետք է զբաղվեն կորոնավիրուսի մասին սուտ տեղեկություններ տարածողներով․ Համաճարակաբան

Համաճարակաբան Արման Բադալյանը բացառիկ անգրագիտություն է համարում համառորեն տարածվող լուրերը, թե կորոնավիրուսը խաբերություն է, որի տարածումը հող է նախապատրաստում հերթական պատվաստանյութի հայտնաբերմանն ու համատարած վակցինացիային։

«Անկեղծ ասած, այդ թեմային չէի էլ ուզի անդրադառնալ, որովհետև դա անգրագիտության վերջն է, շատ տարօրինակ է, որ բավական կրթված մարդիկ են նման լուրեր տարածում։ Ես կարծում եմ՝ այդտեղ ավելի շատ հոգեբանները մեծ դեր ու անելիք ունեն՝ պարզելու՝ ինչո՞ւ մարդը նման տեղեկություն տարածելու կարիք ունի և խնդրի դեպքում նաև բուժելու մարդուն», -InfoPort.am-ին ասաց Բադալյանը։

Նրա խոսքով, վարակի վերաբերյալ սխալ, ոչ ճիշտ և շատ հաճախ հերյուրանք պարունակող տեղեկությունները տարածող անձինք հակագիտական վարքագիծ են դրսևորում․

«Այդ մարդիկ քաղաքական տեխնոլոգիաներ են կիրառում, որի տակ գիտություն չկա։ Այդ մարդիկ կան ու կլինեն և ինչքան իրենց մասին խոսում ես, այնքան հերոսանում են։ Պետք է անտեսել»։ Համաճարակաբանը նկատեց, որ դավադրապաշտական զրույցները դեռ 70 թվականներից կան, բայց դրան պետք է հակադարձել հանրությանը դեռ դպրոցից կրթելով, խորը գիտելիքներ հաղորդելով և փոխանցել, որ «գիտությունը չի սիրում սպեկուլյացիաներ»։

Ինչ վերաբերում է կորոնավիրուսին, համաճարակաբանն ասաց, որ այն վտանգավոր վիրուս է։ «Թեպետ վիրուսն ամբողջությամբ ուսումնասիրված չէ, բայց, այո, որոշակի տարիքային խմբի համար վտանգավորություն ունի։ Օրինակ՝ պարզ չէ կրկնավարակի, իմունիտետ ձեռք բերելու հարցը, բայց օրինակ, սեզոնային գրիպի համեմատ վտանգավոր վիրուս է, տեսնում եք՝ այսօր ամեն օր մահանում են մարդիկ», -հավելեց մասնագետը։

Նշենք, որ Հայաստանում մայիսի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 4823 դեպք․ մեկ օրում վարակակիրների թիվը ավելացել էր 351-ով։

  • Կիսվել: