կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հին հայկական Անի քաղաքում պեղումներ են սկսվել

Հին հայկական Անի քաղաքում պեղումներ են սկսվել

Թուրքիայում պեղումներ են սկսվել հին հայկական Անի քաղաքի տարածքում։ Ինչպես հաղորդում է "Անադոլու" գործակալությունը, վկայակոչելով Կովկասի համալսարանի գիտության եւ գրականության ֆակուլտետի արվեստի պատմության ամբիոնի վարիչ Մուհամեդ Արսլանին, պեղումներն անցկացվում են երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով:

Հաղորդվում է, որ պեղումներին մասնակցում են 35 հնագետներ եւ 12 բուհերի ներկայացուցիչներ:

Կազմակերպիչները կարծում են, որ Հայաստանի հետ սահմանին՝ Կարսի Արփաչայ շրջանից ոչ հեռու գտնվող Անի անտիկ քաղաքի ավերակների պեղումները թույլ կտան ընդլայնել տարածաշրջանի զբոսաշրջային ներուժը, եւ որ այստեղ կենտրոնացած մշակութային արժեքները կգրավեն տեղի եւ օտարերկրյա զբոսաշրջիկների ուշադրությունը:

Նշվում է, որ ջանքեր են գործադրվելու հայտնաբերված արտեֆակտները պահպանելու ուղղությամբ։

Անիի պատմության եւ քաղաքի տաճարների մասին տեքստում ընդհանրապես չի խոսվում հայերի մասին: Հաշվի առնելով թուրքական իշխանությունների նման վերաբերմունքը հայկական պատմական ժառանգության նկատմամբ, ինչպես նաև Թուրքիայի իշխանությունների կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը ՝ դժվար չէ կանխատեսել, որ այդ պեղումները կհանգեցնեն հայկական հետքի ոչնչացման։

  • Կիսվել: