երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՀՀ-ում լեզվական քաղաքականություն չի իրականացվում, ամենուր հոթել-մոթել է. Միրզոյան

ՀՀ-ում լեզվական քաղաքականություն չի իրականացվում, ամենուր հոթել-մոթել է. Միրզոյան

Մեր ամենաթանկ ու սրբազան արժեքներն անընդհատ տրորվել են թշնամու կողմից. 19-րդ դարի վերջին-20-ի սկզբին Թուրքիայում արգելվում էր արտաբերել հայ բառը, Ռուսաստանը փակում էր հայկական դպրոցները… Այսօր մենք չենք ազատագրվել դրանից. Վրաստանի հայկական դպրոցներում հայոց պատմություն չեն անցնում, հայերենի ուսուցման ժամերը շատ քիչ են: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ, ամփոփելով տարին և անդրադառնալով այսօրվա լեզվական քաղաքականությանն ու դրանից բխող պահանջներին, ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը:

Նա խոսեց նաև մերօրյա հեռուստաեթերի լեզվից և ասաց. «Լեզուն մեր ազգի ինքնությունն է, երևացող մասն է, պահանջ ենք դնում, որ իրար հետ գրագետ հարաբերվենք, բայց մենք մշտապես կիսատ-պռատի մեջ ենք: Ասում են՝ լեզվի վիճակը լավ չէ, ինչի՞ վիճակն է լավ: Մեր լեզուն այսօր այնքան ծանր կացության մեջ է, ինչքան մեր ազգային ու պետական ինքնությունը»:

Ասուլիսի մյուս բանախոսն էլ՝ լեզվաբան Լավրենտի Միրզոյանը, նշեց, որ այսօր հայոց լեզուն մեզնից օտարվում է, և հայերենի պահպանման մասին պետք է շատ լուրջ մտածել: Նա անդրադարձավ նաև արևմտահայերենի խնդրին՝ ասելով, թե այն այսօր արդեն վերանում է, 40-ից ցածր տարիքի մարդիկ արևմտահայերեն այլևս չեն գործածում, այն այսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ի վտանգված լեզուների շարքում է, իսկ անմիջապես մեր մայրաքաղաքում արևելահայերենն է վտանգված:

«Ամեն քայլափոխի օտար ցուցանակներ են, օտարալեզու վահանակներ, այսօր Հայաստանում լեզվական քաղաքականություն չի իրականացվում, ամենուր՝ հոթել-մոթել… Մայրաքաղաքը պիտի հայակական ոգով ու շնչով ապրի, մինչդեռ հանրապետությունում տիրում է անգլերենը, այսօր լեզվի պահպանությունն ազգային անվտանգության խնդիր է: Անգլերենն այսօր ՀՀ պետական լեզվի դեր է կատարում, ողբերգություն է, որ մեր լեզվին տեր չենք կանգնում»,-ասաց Միրզոյանը:

Ըստ նրա՝ հայոց լեզվի ու գրականության ուսուցիչը պիտի վարձատրվի նախարարի աշխատավարձի չափով և պատասխանատվության ենթարկվի հանրության առաջ, քանի որ նա ոչ միայն լեզու է սովորեցնում, այլև ազգային ինքնություն է սերմանում:

«Վարչապետին խնդրում եմ, որ Լեզվի կոմիտեն հանվի ԿԳՄՍՆ-ից և գործի վարչապետի աշխատակազմում, ունենա տեսչական գործառույթներ»,-ասաց լեզվաբանը և հավելեց, որ այդպիսով Լեզվի կոմիտեն կկարողանա պատժի ենթարկել, օրինակ, օտարալեզու վահանակների համար, կամ՝ եթերի ոչ պատշաճ լեզվի և այլն:

Դավիթ Գասպարյանն էլ առաջարկեց ստեղծել արևմտահայերեն ուսուցմամբ դպրոց: «Այսօր ունենք սփյուռքահայ երեխաներ, օրինակ՝ Սիրիայից, նրանք այնտեղ կարող են սովորել»,-նշեց գրականագետը:

  • Կիսվել: