երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024

ՀՀ-ում Լեհաստանի դեսպանը պատրաստակամ է աջակցելու ՆԳՆ-ում իրականացվող բարեփոխումներին

ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը օգոստոսի 8-ին ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սկվեչինսկիին։
 
Ինչպես տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից՝ շնորհավորելով նորանշանակ դեսպանին՝ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել երկու երկրների ՆԳ նախարարությունների համագործակցությունը, որը սկիզբ է առել 2004 թվականի սեպտեմբերի 6-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Լեհաստանի Հանրապետության Կառավարության միջև հանցավորության դեմ պայքարում համագործակցության մասին» համաձայնագրի
շրջանակում։
 
Նախարար Վահե Ղազարյանն անդրադարձել է նաև ՆԳ նախարարությունում իրականացվող բարեփոխումներին՝ այդ գործընթացում կարևորելով միջազգային գործընկերների, մասնավորապես՝ Եվրոպական Միության դերը։
 
Դեսպան Պյոտր Սկվեչինսկին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ողջունել ՆԳ նախարարությունում իրականացվող բարեփոխումները, նաև պատրաստակամություն է հայտնել աջակցելու բարեփոխումների գործընթացին։
 
Խոսելով ՆԳ նախարարությունում իրականացվող բարեփոխումների մասին՝ փոխնախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ մեծ ծավալով իրականացվում են նախարարության ձևավորմանն ուղղված աշխատանքները, այդ թվում՝ կանոնադրության հաստատում, հաստիքների համալրում և այլն։
 
Նա նաև նշել է, որ կառուցվածքը ձևավորելիս ուշադրություն է դարձվել հանրային ծառայություններին, որոնք մատուցվում են քաղաքացիներին, և մինչև տարեվերջ կավարտվեն համալրման աշխատանքներն ու նախարարությունը ամբողջ ծավալով կկարողանա գործարկվել։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մասնագետների փորձի փոխանակմանը և վերապատրաստմանն ուղղված մի շարք հարցեր։
 
Կողմերը պատրաստակամություն են հայտնել առավել ամրապնդելու ձևավորված սերտ համագործակցությունը։

  • Կիսվել: