չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ՀՀ-ում կյանքի միջին տևողությունն աճել է, սակայն աճել են նաև ամուսնության միջին տարիքն ու քիչ երեխա ունենալու միտումը

ՀՀ-ում կյանքի միջին տևողությունն աճել է, սակայն աճել են նաև ամուսնության միջին տարիքն ու քիչ երեխա ունենալու միտումը

2022 թ-ին Հայաստանում որոշակիորեն բարելավվել  է տղամարդկանց և կանանց կյանքի միջին տևողությունը նախորդ երկու տարիների համեմատությամբ, շարունակել է աճել կանանց և տղամարդկանց ամուսնության միջին տարիքը և ավելի քիչ երեխաներ ունենալու միտումը: Այս մասին նշված է «Հայաստանի կանայք և տղամարդիկ․2023թ» զեկույցում։

Զեկույցի համաձայն՝ առաջին ամուսնության միջին տարիքը նվազել է թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց շրջանում: 2022թ.-ին կանանց առաջին ամուսնության միջին տարիքը կազմել է 27.9, իսկ տղամարդկանցը՝ 31.4: Այն զգալիորեն ավելի է, քան 2002թ.-ին, երբ կանանց առաջին ամուսնության միջին տարիքը 23.2 էր, իսկ տղամարդկանցը՝  27.1, իսկ 2012թ.-ին համապատասխանաբար՝ 25.3 և 28.8 տարի:

Ինչ վերաբերում է պտղաբերության գործակցին, ապա մեկ կնոջ հաշվով ծնված երեխաների միջին թվաքանակը, սկսած 1991թ.-ից սրընթաց նվազել է, հատկապես գյուղական բնակավայրերում: 1991թ.-ին գյուղական բնակավայրերում կինն իր ծնունակ տարիների ընթացքում ունենում էր միջին հաշվով 3.2 երեխա, քաղաքային վայրերի՝ 2.3 երեխայի համեմատ: Ըստ զեկույցի՝ ծնելիության շարունակական նվազմանը զուգընթաց, 2014թ.-ից գրեթե վերացել էր գյուղական ու քաղքային ցուցանիշների տարբերությունը, իսկ հաջորդող տարիներին՝ մինչև 2020թ., գյուղական բնակչության ծնելիության գումարային գործակիցն անգամ զիջում էր քաղաքային ցուցանիշին: Սակայն 2021-2022թթ.-ին արձանագրվել է գյուղական բնակչության ծնելիության գումարային գործակցի որոշակի բարելավում, կազմելով համապատասխանաբար՝ 1.711 և 2.118 միավոր, քաղաքային վայրերի՝ 1.700 և 1.489 միավորի համեմատ:

Վերլուծության համաձայն՝ 2018-2022 թվականներին Հայաստանում որոշակիորեն աճել է մեկ կնոջ հաշվով ծնվող երեխաների միջին թվաքանակը` պտղաբերության գործակիցը:

Որոշակի փոփոխություններ են արձանագրվել բնակչության ամուսնական կարգավիճակում՝ ըստ տարիքի և սեռի: Տղամարդկանց և կանանց ամուսնական կարգավիճակներում առկա տարբերությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ կանայք հակված են ավելի վաղ տարիքում ամուսնանալ, քան տղամարդիկ:     

Միաժամանակ նշվում է, որ մեծ տարիքում ավելի մեծ է  կանանց այրի մնալու հավանականությունը, որն էլ հիմնականում պայմանավորված է տղամարդկանց կյանքի համեմատաբար ավելի կարճ տևողության և կանանց ավելի երիտասարդ տարիքում ամուսնանալու հանգամանքով:

Բացի այդ, կանայք ավելի հակված են ամուսնալուծված մնալ, քան տղամարդիկ, ինչը վկայում է այն մասին, որ ամուսնալուծությունից հետո նորից ամուսնանալու միտումը տղամարդկանց շրջանում ավելի բարձր է:

  • Կիսվել: