հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ՀՀ-ում բոլոր բուհերը առանց բացառության կփակվեն, եթե ասենք՝ լիցենզավորում ենք միջազգային չափանիշներին համապատասխան․ Փաշինյան

ՀՀ-ում բոլոր բուհերը առանց բացառության կփակվեն, եթե ասենք՝ լիցենզավորում ենք միջազգային չափանիշներին համապատասխան․ Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունում չկա ո՛չ հայկական, ո՛չ միջազգային, ո՛չ մասնավոր բուհ, որը համապատասխանում է միջազգային չափանիշներին: ՀՀ կառավարության նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
«Եթե մենք հայտարարենք միջազգային չափանիշներին համապատասխան բուհերի լիցենզավորման և հավատարմագրման մասին, ապա նշանակում է, որ առանց բացառության Հայաստանի բոլոր բուհերը պետք է փակվեն»,– ընդգծեց նա:
 
Նրա խոսքով՝ դրա պատճառով երիտասարդները զրկված են միջազգային չափանիշներին համապատասխանող կրթություն ստանալու հնարավորությունից։
 
Փաշինյանը հիշեցրեց, որ կառավարությունը միջնաժամկետ հեռանկարում մտադիր է ՀՀ բոլոր բուհերը տեղափոխել ակադեմիական քաղաք, իսկ կրթության զարգացման ռազմավարության համաձայն՝ մինչև 2030 թ. երկրում պետք է գործի մինչև 8 պետական բուհ, որոնց ամբողջ ծախսը պետք է հոգա ՀՀ կառավարությունը՝ ժամանակակից ստանդարտներին համապատասխան։
 
«Մեր մոտեցումն այն է, որ ակադեմիական քաղաքից դուրս ոչ մի բուհ չպետք է լինի ո՛չ պետական, ո՛չ մասնավոր, ո՛չ միջազգային։ Դրա համար էլ ակադեմիական քաղաքի համար մոտ 1000 հա տարածք ենք առանձնացրել, որպեսզի ամբողջ համակարգը տեղափոխվի այնտեղ»,– հայտարարեց վարչապետը։
 
Փաշինյանի խոսքով՝ մրցունակ կրթություն ունենալու համար պետք է բարձրացվի կրթական համակարգը, որից առաջինը շահելու են ուսանողները։

  • Կիսվել: