ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմողների թիվը մեծ ծավալների է հասել. Ֆիդանյան

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմողների թիվը մեծ ծավալների է հասել. Ֆիդանյան

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմողների թիվը հատկապես վերջին երկու ամսում ահռելի ծավալների է հասել, էապես ավելացել են նաև նույնականացման քարտ ստանալու համար դիմողները: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը՝:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Նախագծի նպատակն է տնտեսության, գիտության, մշակույթի, առողջապահության, սպորտի ոլորտները զարգացնելու նպատակով ընդլայնել պարզեցված կարգով քաղաքացիություն ստացող այն անձանց շրջանակը, որոնք իրենց նշանակալի ավանդը կունենան մի շարք ոլորտներում՛՛:

Հիմնավորելով հարցի քննարկման հրատապությունը՝ նա նշեց. ՛՛Բոլորին քաջ հայտնի պատճառներից ելնելով՝ այս տարվա ընթացքում, հատկապես վերջին 2 ամիսների ընթացքում ահռելի մեծ ծավալների է հասել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմողների թիվը, ինչպես նաև ՀՀ քաղաքացու անձնագիր և նույնականացման քարտ ստանալու համար դիմողների թիվը: Եվ նման պարզաբանումներն այս պահի դրությամբ իրականում օրհասական են՛՛:

Ֆիդանյանը նշեց, որ 2021 թվականի ընթացքում նույնականացման քարտ է ստացել 98 հազար 635 քաղաքացի, իսկ միայն 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում՝ արդեն 105 հազար 169 քաղաքացի: Բավականին աճել է նաև բացառիկ ծառայությունների մատուցման համար քաղաքացիություն ստացած անձանց թիվը: Եթե նրանց թիվը 2021-ին եղել է 9, ապա 2022-ի առաջին կիսամյակի ընթացքում՝ արդեն իսկ 14:

Այսպիսով՝ ԱԺ նիստում նախագիծն ընդունվեց՝ քվեարկությամբ ստանալով 58 կողմ ձայն:

Այսպես՝ ընդունված որոշմամբ` որոշ տեխնիկական փոփոխություններ են կատարվել ՀՀ քաղաքացիություն ստացող անձանց համար Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և հայոց լեզվի իմացության ստուգման կարգի մեջ։

Դիմողն այսուհետ դիմում ներկայացնելու ու հարցաթերթիկ լրացնելու փոխարեն կիրականացնի միայն մեկ գործողություն` կներկայացի դիմում-հարցաթերթ, որում ներառված կլինի և դիմումը, և արդեն լրացված հարցաթերթը։

Որոշման նպատակը վարչարարությունը պարզեցնելն ու մեկ միասնական փաստաթուղթ սահմանելն է, ինչը բխում է նաև այս տարվա հունիսի 25-ից ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենքում» կատարված փոփոխություններից։

  • Կիսվել: