ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Կիևում ծանոթացել է Ուկրաինայի ոստիկանությունում ընթացող բարեփոխումներին
Ուկրաինայի ոստիկանությունում ընթացող բարեփոխումներին, կառավարման փորձին ծանոթանալու, ուկրաինական պարեկային ծառայության ղեկավարումը և օպերատիվ կառավարման կենտրոնի գործունեությունն ուսումնասիրելու նպատակով նոյեմբերի 1-4-ը Ուկրաինայի Կիև քաղաք էր մեկնել ՀՀ ոստիկանության պատվիրակությունը՝ շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Մկրտչյանի գլխավորությամբ: Այցը կազմակերպվել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի, ինչպես նաև Ուկրաինայի ԹՊԻՀ ծրագրի և Միջազգային քրեական հետաքննությունների վերապատրաստման ծրագրի (ICITAP) կողմից:
![]()
Հագեցած օրակարգի շրջանակներում պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել, մասնավորապես՝ Ուկրաինայի պարեկային ոստիկանությունում, Ազգային ոստիկանության Կիև քաղաքի վարչությունում, կարգավարական 102 կենտրոնում, Կիև քաղաքի պարեկային վարչությունում, «Հոլեսեև» վարչական շրջանի ոստիկանության բաժնում, Կիև քաղաքի պարեկային ոստիկանության ակադեմիայում:
Այցի ընթացքում պատվիրակությունը ծանոթացել է ուկրաինական պարեկային ոստիկանության ստեղծման գործընթացին, կառուցվածքին, գործունեությանը, ծառայության կազմակերպմանը և առկա խնդիրներին, նյութատեխնիկական հագեցվածությանը, մասնակցել պարեկային կարգախմբերի հետ համատեղ գիշերային գործնական շրջայցերի:
![]()
Ազգային ոստիկանության Կիև քաղաքի վարչությունում ներկայացվել են 1-02 դիսպետչերական կենտրոնի կարողությունները, զանգերի սպասարկման և արագ արձագանքման, քաղաքում տեղադրված տեսախցիկների միջոցով կասկածվող անձանց դիմապատկերների վիդեոնույնականացման, առևանգված տրանսպորտային միջոցների երթուղիների արագ պարզման, տվյալների բազաների արդյունավետ կառավարման հնարավորությունները:
Ազգային ոստիկանության Կիև քաղաքի վարչության պետ Իվան Վիհիվսկիի հետ հանդիպման ընթացքում նա պատրաստակամություն է հայտնել կիսվել արդյունավետ աշխատանքի ուկրաինական փորձով:
Պատվիրակությունը այցելել է նաև Հոլեսեև վարչական շրջանի ոստիկանության բաժին, որտեղ ներկայացվել են բաժնի կառուցվածքը, խնդիրները, գործունեությունը, ուսումնասիրվել ինտերակտիվ քարտեզների հատուկ գրաֆիկական վերլուծությամբ իրականացվող քրեական վերլուծության գործընթացը:
Կիև քաղաքի պարեկային ոստիկանության ուսումնական կենտրոնում ներկայացվել են պարեկների ընտրության, ընդունելության, կրթական գործընթացները: Ուսումնական կենտրոններում առավելությունը տրվում էր գործնականում տակտիկական հմտությունների զարգացմանը առանձին իրավիճակների համար մշակված սցենարային խնդիրների լուծում, սիմուլյացիոն դասասենյակների հագեցվածություն և այլն), ինչպես նաև ոստիկանական լավագույն ավանդույթների և ծառայողական մշակույթի ներդրմանը։
![]()
Ուկրաինայի ներքին գործերի նախարարի տեղակալ Մերի Հակոբյանի հետ հանդիպման ընթացքում ներկայացվել են այն արմատական բարեփոխումները, որոնք ընթանում են Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունում, մասնավորապես, ազգային ոստիկանությունում, պարեկային ծառայությունում, ազգային գվարդիայում և այլ ոլորտներում: Մերի Հակոբյանը հայտնել է, որ ուկրաինական կողմը բաց է միջազգային գործընկերների համար և պատրաստակամություն հայտնել բազմակողմանի աջակցություն ցուցաբերել ՀՀ ոստիկանությանը բարեփոխումների իրականացման գործում:
Այցելությունը ամփոփվել է Ուկրաինայի միջազգային քրեական հետաքննությունների վերապատրաստման ծրագրի (ICITAP) գրասենյակում, որտեղ կողմերը փոխանակվել են տպավորություններով, ներկայացրել առաջարկություններ՝ հետագա համագործակցության համար:
ՀՀ ոստիկանության պատվիրակության ղեկավար, ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին՝ այցը բարձր մակարդակով կազմակերպելու համար և, կարևորելով միջազգային գործընկերների աջակցությունը՝ համոզմունք հայտնել, որ ձեռք բերված գիտելիքները և փորձը հաջողությամբ կօգտագործվեն նաև ՀՀ ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների ընթացքում:
![]()


