հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀՀ-ն սկսել է ակտիվ քայլեր ձեռնարկել ցածր ածխածնային տնտեսության անցնելու ուղղությամբ, և առողջապահության ոլորտը բացառություն չէ. Ավանեսյան

ՀՀ-ն սկսել է ակտիվ քայլեր ձեռնարկել ցածր ածխածնային տնտեսության անցնելու ուղղությամբ, և առողջապահության ոլորտը բացառություն չէ. Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին:

Քննարկվել են առողջապահական համակարգի վրա կլիմայի փոփոխության ազդեցությունների հետևանքների նվազեցմանն ուղղված ծրագրերն ու նախաձեռնությունները: Դեսպան Ջոն Գալագերն անդրադարձել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Միացյալ Թագավորության կառավարության գործարկած առողջապահական և կլիմայի փոփոխության նոր հարթակին և վերջինիս մեր երկրի ներգրավման հնարավորությանը:

Հարթակի նպատակն է աջակցել երկրներին մարտահրավերներին դիմակայելու և կլիմայակայուն առողջապահական համակարգեր ստեղծելու հարցում:

Առողջապահության նախարարը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանը սկսել է ակտիվ քայլեր ձեռնարկել ավելի դիմացկուն և ցածր ածխածնային տնտեսության անցնելու ուղղությամբ, և առողջապահության ոլորտը բացառություն չէ:

Մասնավորապես` ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) հետ համատեղ ներկայումս իրականացնում է կլիմայական ռիսկերի և խոցելիության գնահատում, ինչպես նաև պատրաստում են ՀՀ առողջապահության ոլորտի հարմարվողականության պլան, որի առաջին նախագիծը գտնվում է մշակման փուլում:

Անդրադառնալով արտակարգ իրավիճակների ժամանակ արագ արձագանքման բժշկական թիմերի փորձի փոխանակմանը` Ջոն Գալագերը շեշտել է 2022 թվականի հոկտեմբերի 5-7-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում անցկացվելիք արագ արձագանքման բժշկական թիմերի բարձր մակարդակի 5-րդ գլոբալ հանդիպման կարևորությունը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ընդգծել է 2020 թվականի դեկտեմբերին Միացյալ Թագավորությունից ժամանած արագ արձագանքման թիմի փորձագետների առաքելությունը հանրապետության երեք հիվանդանոցում:

  • Կիսվել: