ՀՀ–ն կմիանա Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքին
ՀՀ–ն կմիանա Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքին։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
«Դաշինքին միանալը կհանդիսանա որպես լայն հնարավորություն ընձառյուծի, այլ կատվազգիների պահպանման գործողությունների ծրագրի իրականացման, նոր մոտեցումների կիրառման, ինչպես նաև մեր երկրի կենդանական աշխարհի հազվագյուտ և արժեքավոր ներկայացուցիչների պահպանման և թվաքանակի ավելացման հարցում»,– ասված է որոշման մեջ:
Նշվում է, որ դաշինքի հետ փոխգործակցությունը թույլ կտա փոխանակել լավագույն փորձը, համատեղ հետազոտություններ և մոնիտորինգ իրականացնել, խնդիրն ավելի մանրամասն ուսումնասիրել և կատարելագործել խոշոր կատվազգիների պաշտպանությանն ուղղված միջոցառումները։
Հայաստանում կարելի է ընձառյուծի կամ եղջերուի «հայր» և «մայր» դառնալ
Այժմ Հայաստանում ընձառյուծի շուրջ 10 առանձնյակ կա, իսկ նրանց համար կեր հանդիսացող կենդանատեսակների թիվն աճել է 1000-ից մինչև 3000-ի։
Ըստ կառավարության ներկայացրած տվյալների` Հայաստանում հանդիպում են նաև կատվազգիների այլ տեսակներ, ինչպիսիք են լուսանը, Եվրոպական անտառակատուն և մանուլը։ Վերջին երկուսը գրանցված են ՀՀ կենդանիների Կարմիր գրքում:
Դաշինքին միանալու նպատակահարմարությունը կարևոր է նաև նրանով, որ Հայաստանի Հանրապետությունը 2024 թ. Կոլումբիայի Կալի քաղաքում կայացած ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 16-րդ համաժողովի ընթացքում ընտրվել է որպես հաջորդ՝ 17-րդ համաժողովը 2026 թվականին հյուրընկալող երկիր։
Նշենք, որ Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքը Հնդկաստանի նախաձեռնությունն է։