երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ՀՀ կառավարությունը նախատեսում է վավերացնել Հնդկաստանի հետ մաքսային հարցերում անձնական տվյալների փոխանցման վերաբերյալ համաձայնագիրը

ՀՀ կառավարությունը նախատեսում է վավերացնել Հնդկաստանի հետ մաքսային հարցերում անձնական տվյալների փոխանցման վերաբերյալ համաձայնագիրը

ՀՀ կառավարությունը վաղվա նիստում նախատեսում է վավերացնել Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների միջև մաքսային հարցերով համագործակցության և փոխադարձ օգնության մասին համաձայնագիրը։ Համաձայնագիրը ստորագրվել է Բրյուսելում՝ այս տարվա հունիսի 23-ին։

Համաձայնագրով հիմքեր են ստեղծվում Հայաստանի և Հնդկաստանի մաքսային ծառայությունների միջև փոխհամագործակցության ընդլայնման ու ամրապնդման համար։

Համաձայնագրի վավերացմամբ՝ երկու երկրների մաքսային գործերին վերաբերող հարցերում փոխադարձ վարչական օգնություն կկիրառվի, ինչպես նաև տեղեկատվության փոխանակման ընթացակարգեր կսահմանվեն, այսինքն՝ համաձայնագրով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության մաքսային մարմինների միջև անձնական տվյալների փոխանցման հնարավորություն։

«Համաձայնագրի կիրառմամբ կհաստատվի ուղղակի կապ երկու երկրների համապատասխան ստորաբաժանումների միջև, ինչն էլ իր դրական ազդեցությունը կունենա Հնդկաստանից ՀՀ ներմուծման և ՀՀ-ից Հնդկաստան արտահանման ժամանակ մաքսային կանոնների խախտման դեպքերի բացահայտման, առկա խնդիրների առավել արագ և օպերատիվ լուծման վրա»,- նշված է օրենքի նախագծի հիմնավորման մեջ։

  • Կիսվել: