ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր. ՀՎԿԱԿ
ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը շարունակում է մշտադիտարկել էբոլայի հիվանդության համաճարակաբանական իրավիճակը աշխարհում։
Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետություն (2026 թ. հուլիսի 21-ի տվյալներով)
• 2536 հաստատված դեպք
• 1033 հաստատված մահ
Ուգանդա (2026 թ. հուլիսի 21-ի տվյալներով)
• 20 հաստատված դեպք
• 2 հաստատված մահ
• 1 հավանական դեպք
• 1 հավանական մահ
Ֆրանսիա (2026 թ. հունիսի 24-ի տվյալներով)
• 1 հաստատված դեպք
Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին պաշտոնական տվյալների համաձայն՝ էբոլայի հիվանդության բռնկումը շարունակում է ակտիվ մնալ Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում։ Երկրում շարունակվում են դեպքերի հայտնաբերումը, կոնտակտավորների հսկողությունը և հակահամաճարակային միջոցառումների իրականացումը։
Ներկայիս բռնկման հարուցիչը՝ Բունդիբուգյո էբոլավիրուսը, դեռևս չունի լայն կիրառման համար հաստատված պատվաստանյութ, ուստի զանգվածային պատվաստումներ չեն իրականացվում։ Միաժամանակ շարունակվում են թեկնածու պատվաստանյութերի և բուժման նոր մեթոդների արդյունավետության գնահատման աշխատանքները։
Ուգանդայում էբոլայի հիվանդության նոր հաստատված դեպքեր չեն արձանագրվել։ Վերջին հիվանդի առողջացումից և բուժհաստատությունից դուրս գրվելուց հետո երկիրը շարունակում է 42-օրյա ուժեղացված համաճարակաբանական հսկողությունը:
Հայաստանի Հանրապետության համար էբոլայի հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր։ Դա պայմանավորված է նրանով, որ Հայաստանի և բռնկում ունեցող երկրների միջև կանոնավոր ու ինտենսիվ ուղիղ հաղորդակցություններ չկան, ինչպես նաև այն հանգամանքով, որ էբոլայի հիվանդությունը չի փոխանցվում օդակաթիլային ճանապարհով։
ՀՀ առողջապահական կառույցները շարունակում են հետևել միջազգային համաճարակաբանական իրավիճակին և իրականացնում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության ժամանակավոր առաջարկություններից բխող միջոցառումները։



