շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ՀՀ արտաքին հետախուզության ծառայության աշխատակիցները բացի աշխատավարձից նաեւ հավելումներ կստանան

ՀՀ արտաքին հետախուզության ծառայության աշխատակիցները բացի աշխատավարձից նաեւ հավելումներ կստանան

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 9-ի նիստում որոշեց ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված ծառայողներին տրվող հավելումներ սահմանել:

Բացի այդ ՀՀ արտաքին հետախուզության ծառայության համար կսահմանվի բացառություն՝ ինչը վերջինիս թույլ կտա յուրաքանչյուր տարվա ՀՀ պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի ընդհանուր գումարի մեջ գերազանցել հավելումների համար սահմանված 10%-ի շեմը։

Հավելումները լրացուցիչ նախատեսել յուրաքանչյուր տարվա ՀՀ պետական բյուջեով Արտաքին հետախուզության ծառայության համար նախատեսված աշխատավարձի ֆոնդի շրջանակներում: Հավելումների վճարումներն իրականացվելու են Արտաքին հետախուզության ծառայության ծառայողների աշխատավարձի վճարման հետ միաժամանակ:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Ծառայության առջև դրված խնդիրների արդյունավետ իրականացման անհրաժեշտությամբ և առկա մարտահրավերներով պայմանավորված  գերծանրաբեռնված աշխատանքը, բարձր պատասխանատվության անհրաժեշտությունը, աշխատանքի գերլարված բնույթը, դրա ռիսկայնությունը և այլ հանգամանքներ Ծառայությունում աշխատանքը դարձնում են պակաս գրավիչ և այդպիսի հանգամանքների առկայության դեպքում անհարժեշտ է Ծառայության աշխատակիցների համար սահմանել աշխատանքին, դրա ռիսկայնությանն ու սահմանափակումների համարժեք վարձատրություն՝ Ծառայությունը իրապես որակյալ կադրերով համալրելու հնարավորություն ունենալու համար։

Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում կառաջանա լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն։ ՀՀ 2024-ի բյուջեի հայտով կնախատեսվի հավելումների ներդրման համար անհրաժեշտ գումարը՝ Ծառայությանը հատկացված ֆինանսական միջոցների հաշվին։

  • Կիսվել: