երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հերոս ծնողն ու դաստիարակողը չի կարող լինել ո՛չ պատվեր կատարող, ո՛չ վախկոտ. զոհված Գևորգ Արշակյանի մայրը դատավորի թեկնածու է

Հերոս ծնողն ու դաստիարակողը չի կարող լինել ո՛չ պատվեր կատարող, ո՛չ վախկոտ. զոհված Գևորգ Արշակյանի մայրը դատավորի թեկնածու է

Ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուի ընտրության հարցը:

Բարձրագույն դատական խորհուրդը առաջադրել է Կարեն Թումանյանի, Նաիրա Հովսեփյանի և Գուրգեն Մալխասյանի թեկնածությունները: Ներկայացված 3 թեկնածուներից ԱԺ-ն պետք է ընտրի Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածու:

Թեկնածուներին ԱԺ նիստում ներկայացնում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը:

Նաիրա Հովսեփյանը, ով 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Արշակյանի մայրն է, ասաց, թե այսօր Հայաստանի ամենամեծ խնդիրը խաղաղությունն է:

«Հայաստանը կանգնած է մարտահրավերների առաջ, ամենամեծ խնդիրը խաղաղությունն է, որին հասնելու ճանապարհը մեկն է` ուժեղ պետություն, որը ենթադրում է ուժեղ դատական իշխանություն», - ասաց նա:

Դատավորի թեկնածուն ասաց, թե Հայաստանն իր համար սրբություն է:

«Ես առաջնորդվում եմ Գևորգ Արշակյանի կողմից ստեղծված հայրենիքի սիրո բանաձևով` հայրենիքը սիրում են այն ճանաչելով, հայրենիքը սիրում են այն շենացնելով», - ասաց նա:

Պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին`  Նաիրա Հովսեփյանն ասաց, թե ինքը միշտ հպարտ է քայլել: «Դուք ուզում էիք ասել, որ ես պատվեր կատարող եմ, վախկոտ եմ։ Հերոս ծնողն ու դաստիարակողը չի կարող  լինել ո՛չ պատվեր կատարող, ո՛չ վախկոտ, սա անհերքելի ապացույց է», - ասաց նա:

  • Կիսվել: