հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հելեն Դադայանի դին Արցախ տեղափոխելու հարցով Սիրանուշ Սահակյանը կդիմի ՄԻԵԴ

Հելեն Դադայանի դին Արցախ տեղափոխելու հարցով Սիրանուշ Սահակյանը կդիմի ՄԻԵԴ

Արցախցի ուսանողուհի Հելեն Դադայանի ծննդյան օրն էր երեկ, 21 տարեկան պիտի դառնար։ Նրա մորեղբայրը ծաղկեփունջը մոտեցնում է Գորիսի դիահերձարանի բակում գտնվող սառնարանին։ Հելենի մարմինը 22 օր է այս խցում է։ Ադրբեջանական կողմը թույլ չի տալիս, որ Գյումրի- Երևան ողբերգական վթարի հետևանքով զոհված ուսանողուհու մարմինը Արցախ, Ճարտար, ծնողներին հասցնեն։

«Խնդիրը առայժմ մնաց անհաղթահարելի։ Ադրբեջանը իրա պահանջներից այս շարունակվող ողբերգությունը հաղթահարելի համար հետ չի կանգնում, չի թողնում աճյունը տեղափոխենք ծննդավայր», - «Ազատությանն» ասաց Հելենի մորեղբայր Միշա Սաֆարյանը։

Ադրբեջանական կողմի պահանջները հարցը փակուղում են պահում։ Բաքուն պնդում է, որ Հելենի փաստաթղթերում պիտի ադրբեջանական տեղանուններ նշվեն, իսկ մարմնի տեղափոխման վայր՝ ոչ թե Արցախ, այլ Ադրբեջան. - «Փաստաթղթային կեղծումներ ա ուզում, տեղանունների կեղծումներ ա ուզում... Գոյություն չունեցող տեղանունների մասին ա խոսքը, ո՞նց ձևակերպենք դա։ Կարծում եմ, անընդունելի պահանջներ ա դրվում։ Որովհետև հնարավոր չի դա կազմակերպել ըստ էության»։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) ընտանիքին առաջարկել է տեղափոխվել Հայաստան, այստեղ հուղարկավորել Հելենին։

ԿԽՄԿ արցախյան առաքելության ներկայացուցիչ Էթերի Մուսայելյանն «Ազատությանն ասաց, որ ընտանիքին նման առաջարկ արվել է. - «Մենք սպասում ենք իրանց պատասխանին»։

Հելենի մայրը՝ Ալվարդ Սաֆարյանը տեղեկացրեց, որ համաձայն չեն, խնդրում է խնդիրը չքաղաքականացնել, թղթերում ինչ ուզում են գրեն, միայն իր երեխայի մարմինն իրեն հասնի. - «Անկախ նրանից ես ինչ ազգի ներկայացուցիչ եմ, ես առաջին հերթին մայր եմ»։

Հելեն Դադայանի մարմնի տեղափոխման հարցով վաղը Ստրասբուրգի դատարան դիմում կուղարկի իրավաբան Սիրանուշ Սահակյանը։

«Այս գործի առանձնահատկությունը հաշվի առնելով, մենք հնարավորություն տեսնում ենք։ Ընտանիքը դիմել է, և մենք նախապատրաստում ենք անհապաղ միջոցի խնդրագիր, որով պահանջելու ենք, որպեսզի ապահովվի դեպի Արցախի Հանրապետություն դիի տեղափոխումը և հանձնվի ընտանիքին, ովքեր էլ սահմանված ավանդույթներին և ընթացակարգերին համապատասխան դին կհանձնեն հողին»։

Աղբյուրը՝ Ազատություն: 

 

  • Կիսվել: