երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Հայտնաբերվել է մեքենան, որով Գագարինում Range Rover-ի ուղղությամբ 25-ից ավելի կրակոց էր արձակվել

Հայտնաբերվել է մեքենան, որով Գագարինում Range Rover-ի ուղղությամբ 25-ից ավելի կրակոց էր արձակվել

Հուլիսի 10-ին Գեղամավան-Գագարին ավտոճանապարհի հարևանությամբ գնտվող դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել է Lada մակնիշի ավտոմեքենա՝ վնասվածքի հետքերով, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ կան կասկածներ, որ նշված ավտոմեքենայով են հուլիսի 4-ին Գագարին ավանի վարչական տարածքում ինքնաձիգից կրակոցներ արձակել Range Rover մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, ապա դիմել փախուստի։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ հուլիսի 5-ին ոստիկանությունը Կոտայքի մարզում հայտնաբերել էին Range Rover մակնիշի ավտոմեքենա, որի դիմապակուն և կողային հատվածներում հայտնաբերվել էին կրակոցի բազմաթիվ հետքեր:

Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Մխեյանը միջնորդություն էր ներկայացրել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գավառի նստավայր, որպեսզի դատարանը խուզարկության թույլտվություն տար՝ ոստիկանների և քննիչների կողմից Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի տներից մեկի ավտոտնակում կասկածելի Range Rover-ը հայտնաբերելու  համար:

Դատարանը մի քանի ժամ դռնփակ դատական նիստն անելուց հետո խորհրդակցական սենյակից վերադարձել և որոշել էր բավարարել միջնորդությունը:

Ոստիկաններն ու քննիչները նշված ավտոտնակում հայտնաբերել էին Range Rover-ը, որը ընթերականների ներկայությամբ քննչական խմբի ղեկավարի որոշմամբ ավտոքարշակի միջոցով տեղափոխվել էր ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկաններն ու քննիչները ունեին կասկածներ, որ նշված ավտոմեքենայի վրա կրակոցներն արձակվել էին հուլիսի 4-ին, Գագարին ավանի սկզբնամասում:

  • Կիսվել: