Ստեղծվում են հազարավոր աշխատատեղեր, հանքը մինչև 130 մլն դոլար հարկ կվճարի պետբյուջե, եթե ոսկին թանկանա՝ ավելի շատ. Պապոյանը՝ Ամուլսարի մասին
Պատասխանատու և շրջակա միջավայրի վրա մինիմալ բացասական ազդեցությամբ հանքարդյունաբերություն է. ասում եմ՝ մինիմալ, որովհետև աշխարհում չկա հանք, որ շրջակա միջավայրի վրա չի ազդում։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 19–ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով Ամուլսարի հանքավայրի շահագործմանը։
«Դրան զուգահեռ աշխարհի բոլոր երկրներում, այդ թվում աշխարհի ամենահզոր երկու տնտեսություններում՝ Չինաստանում և ԱՄՆ–ում, հանքարդյունաբերությունը գտնվում է շատ բարձր մակարդակի վրա։ Խնդիրը հետևյալն է, արդյո՞ք մենք այնպես ենք անում, որ այդ հանքարդյունաբերության արդյունքում մի կողմից ստեղծվում են հազարավոր աշխատատեղեր, հարյուրավոր միլիոն դոլարների, տարիների ընթացքում միլիարդավոր դոլարների հարկային եկամուտներ են գոյանում, Հայաստանի Հանրապետության ՀՆԱ-ն տարեցտարի աճում է, և սրան զուգահեռ, եթե կարողանում ենք նաև այնպես անել, որ շրջակա միջավայրի վրա իր ազդեցությունը լինի մինիմալ, ապա այդպիսի հանքարդյունաբերությունը, ես կարծում եմ, որ անհրաժեշտ է։
Մենք այդ ճանապարհով ենք գնացել, որովհետև նաև հետազոտություններ ցույց են տվել, որ շրջակա միջավայրի վրա ազդեցությունը, ըստ էության, շատ-շատ փոքր է, բոլոր բացասական պատմությունները, որոնք պատմում էին, դրանք նվազագույնը հետազոտություններով չեն հաստատվում։ Այսօր էլ հանքը շահագործվում է, արդեն իսկ թողարկում ունի, արտահանում ունի, դրա ազդեցությունը մեր տնտեսության վրա արդեն իսկ կա, 1600 աշխատող է այնտեղ աշխատում, լրացուցիչ անուղղակի մինչև 4000 աշխատատեղ է հանքի գործունեության արդյունքում ստեղծվել։
Հանքը եկող տարի այս գների պահպանման դեպքում, եթե իհարկե ոսկին չթանկանա, որովհետև տենդենցը թանկանալու ուղղությամբ է, մինչև 130 միլիոն դոլար պետական բյուջե հարկ է վճարելու, եթե ոսկին թանկանա, ավելի շատ հարկ կվճարի։ ՀՆԱ-ի վրա 1.5–2 տոկոս ազդեցություն է ունենալու, մեր արտահանումը էական ավելացնելու է և մեր տնտեսությունը ուժեղացնելու է։ Ստացված գումարներով էլ կարողանալու ենք ավելի արդյունավետ բնական միջավայրի պաշտպանություն անել»,–ասաց նա։
Պապոյանը հավելեց, որ աշխարհում երկիր չկա, որտեղ հանքարդյունաբերություն չլինի, այդ թվում ճանաչած ամենահզոր երկրները՝ եվրոպական, ԱՄՆ–ն, Կանադան, Չինաստանը. «Եթե ուզում ենք անտառներ տնկենք, եթե ուզում ենք այդ անտառները պահպանենք, եթե ուզում ենք մեր ջրային միջավայրը պահպանենք, զարգացնենք, արդյունավետ ջրօգտագործում անենք, որ քիչ ջուր օգտագործելով գյուղատնտեսական մեծ արդյունք ունենաք, դրա համար պետք է փող։ Երբ այդ շատ փողը մենք վերցնենք ու դնենք մեր սերունդների կրթության վրա, առողջության վրա, անտառների տնկման, ջրամբարների կառուցման, Սևանից քիչ ջուր բաց թողնելու վրա, հանրային առողջության պահպանման վրա, այդ ժամանակ մեր երկրի և կենսաբանազանության, և մեր սերունդների համար կլինի լավ»,–ասաց նախարարը։
Հիշեցմանը, որ շատ ՔՊ–ականներ ժամանակին պայքարում էին Ամուլսարի հանքի շահագործման դեմ, Պապոյանը պատասխանեց. «Ես էլ միշտ պայքարել եմ, որ Ամուլսարը լինի։
Հանքը գործում է և կգործի այնպես, ինչպես գործում է ԶՊՄԿ-ն։ Մեր տնտեսությունը այլևս անհնար է պատկերացնել առանց Ամուլսարի, անհնար է պատկերացնել առանց ԶՊՄԿ-ի և անհնար է պատկերացնել այդպիսի խոշոր հանքարդյունաբերական գիգանտների։ Սա պետք է ընդունել, որովհետև այո, մենք երկարաժամկետ զարգացման պլաններ ունենք և մեր երկրի զարգացման պլանները և պետության հարատևությունը նաև այդպիսի հանգամանքներից է բաղկացած։ Մենք չենք պատրաստվում լինել տնտեսապես թույլ երկիր, մենք պատրաստվում ենք լինել տնտեսապես ուժեղ երկիր, որտեղ մեկ շնչին ընկնող ՀՆԱ–ն այս տարի 10 000 դոլարը կանցնի, բայց պիտի առաջիկայում 15-20 հազար դոլարն անցնի, իսկ դա նաև դրանով պետք է պայմանավորված լինի»,– ընդգծեց նա։
Պապոյանը հավաստիացրեց, որ հանքի շահագործումը լինելու է միջազգային չափանիշներին համապատասխան. «Այն, ինչ տեսնում եք Լիդիանում, նույնը կարող եք տեսնեք, օրինակ, ԱՄՆ Մոնտանա նահանգի հանքերում, նույնը Կանադայի հանքերում կարող եք տեսնել։ Այսինքն, եթե Կանադայի և Լիդիանի հանքերի նկարները դնեք իրար կողք, եթե բնության մասին չիմանաք, չեք կարող ասել՝ որն է Հայաստանը, որը՝ Կանադան, որը՝ ԱՄՆ–ն, որովհետև ամենավերջին տեխնոլոգիաներով և ամենաժամանակակից հանքարդյունաբերության մեթոդներով է արվում»։



