շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Հայտարարագրման համակարգի պարզեցմանն ուղղված նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց

Հայտարարագրման համակարգի պարզեցմանն ուղղված նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց

Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստին առաջին ու երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեցին մի շարք նախագծեր:

Մասնավորապես՝ առաջին ընթերցմամբ ընդունվեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, ինչպես ««Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը:

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը վերաբերում է եկամուտների հայտարարագրման համակարգի պարզեցմանը, ինչպես նաև մի շարք փոփոխությունների: Նախագծի շրջանակում կարևոր առաջարկներից մեկը վերաբերում է ընտանիքի անդամների միջև դրամական փոխանցումներին: Նախատեսվում է, որ դրանք հայտարարագրման ենթակա չեն, ուստի ծնողի և երեխայի, քույրերի և եղբայրների, ամուսինների միջև դրամական փոխանցումները հայտարարագրելու կարիք չկա. խոսքը վերաբերում է չհարկվող եկամուտներին: Մյուս առաջարկը վերաբերում է բուն հայտարարագրման պրոցեսին: Եթե քաղաքացին վստահ է, որ իր ստացած եկամուտները հենց այնքան են, ինչքան ՊԵԿ-ը լրացրել է, ապա ՊԵԿ-ի տվյալների հիման վրա հայտարարագիրը կարող է լրացված և հանձնված համարվել:

Երկրորդ ընթերցմամբ ընդունվեց նաև «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանը և Սիսակ Գաբրիելյանն առաջարկում են «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարել՝ հեռարձակողների թիվը նվազագույն սահմանած 3-ի շեմից իջեցնելով 2-ի:

Նշենք, որ առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերի երկրորդ ընթերցումները նախատեսվում է անցկացնել այսօր՝ 20:30-ին:

  • Կիսվել: