ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Հայփոստում» կվաճառվեն Beeline-ի SIM քարտեր և կընդունվեն ինտերնետի և հեռուստատեսության միացման հայտեր

«Հայփոստում» կվաճառվեն Beeline-ի SIM քարտեր և կընդունվեն ինտերնետի և հեռուստատեսության միացման հայտեր

«Հայփոստի» լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Beeline-ը և «Հայփոստ» ՓԲԸ-ն հայտարարում են համագործակցության մեկնարկի մասին, որի շրջանակում «Հայփոստի» բոլոր փոստային բաժանմունքներում կվաճառվեն Beeline-ի կանխավճարային SIM քարտեր և կընդունվեն ինտերնետի և հեռուստատեսության միացման հայտերը։

«Beeline-ը միշտ հպարտացել է իր վաճառքի և սպասարկման գրասենյակների զարգացած ցանցով, որին այժմ կմիանան «Հայփոստի» հարյուրավոր բաժանմունքներ՝ ապահովելով մեր կապի ծառայությունների հասանելիությանն էական աճ։ Beeline-ը մշտապես հոգ է տանում բաժանորդների հարմարության համար, և ես վստահ եմ, որ սա միայն մեր համագործակցության սկիզբն է»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Հայփոստի» առաջընթացը այսուհետ լինելու է մեր հաճախորդներին ավելի ընդլայնված և որակյալ ծառայություններ մատուցելու համատեքստում։ Փոստային կապի ազգային օպերատորն այսօր ունի երկրով մեկ սփռված 900 բաժանմունք. սա ահռելի ներուժ է, որը մենք օգտագործելու ենք մեր գործընկերների հետ համատեղ իրականացվող ծրագրերում։ Beeline-ի հետ կնքված պայմանագիրը մեր առաջին քայլն է Հայաստանում առաջին վիրտուալ բջջային օպերատորի կազմավորման գործընթացում։ Մենք հաստատակամ գնալու ենք բիզնես գործընկերների հետ համատեղ ծրագրերի ընդլայնման և մեր շահառուներին նոր ու որակյալ ծառայություններ առաջարկելու ճանապարհով։ Հասնելու ենք նրան, որ ազգային օպերատորը դառնա հուսալի գործընկերության և որակի հոմանիշ»,- նշել է «Հայփոստ» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար Հայկ Կարապետյանը։

«Հայփոստի» բաժանմունքներում հաճախորդներին կտրամադրվի «Սմարթ 350+» սակագնային փաթեթ, որի արժեքն է 400 դրամ: ՍՓ-ի բաժանորդային վճարը կազմում է 350 դրամ, որի դիմաց 7 օրվա ընթացքում բաժանորդին տրամադրվում է՝ 1000 րոպե դեպի Beeline բջջային ցանց, 10 րոպե դեպի ՀՀ և ԼՂՀ այլ ցանցեր, 10 SMS և 1000 ՄԲ ինտերնետ։

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում՝ հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։

  • Կիսվել: