չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել իտալահայ հեղինակներ Սիրանուշ Կուարանտանի և Կարլո Կոպպոլանի գրքի շնորհանդեսը

Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել իտալահայ հեղինակներ Սիրանուշ Կուարանտանի և Կարլո Կոպպոլանի գրքի շնորհանդեսը

Օգոստոսի 1-ին Հայոց Ցեղցասպանության Թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի է ունեցել իտալահայ հեղինակներ Սիրանուշ Կուարանտանի և Կարլո Կոպպոլանի «1895-1896 թթ. Հայաստանի դեպքերը և հայր Սալվատորե Լիլլիի սպանությունը» գրքի շնորհանդեսը:

Նախ՝ ներկաներին ողջունել է ՀՑԹԻ տնօրեն, պ.գ.դ. Հարություն Մարությանը, ապա նշել.

«Անցյալ տարի՝ հունիս ամսին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ՀՀ արտաքին գործերի նախարարությունից արխիվային պահպանության համար ստացավ նյութերի տրցակ՝ բաղկացած հիմնականում իտալերեն փաստաթղթերից: Ինչպես հաղորդվում էր ՀՀ Արտաքին գործերի նախարարության ուղարկած կից գրության մեջ, արխիվային նյութերն Իտալիայում ՀՀ դեսպան տիկին Ծովինար Համբարձումյանին է հանձնել իտալաարաբական «Ասադակահ» ընկերության հիմնադիր պրն Թալալ Խրաիսը: Սույն արխիվային նյութերը ծագումով իտալացի Սալվատորե Լիլլիին՝ ֆրանցիսկյան վանական, մարտիրոսության հանգամանքները քննելու և ապա՝ Կաթոլիկ եկեղեցու երանելիների կարգը դասելու համար հավաքված պատմական փաստաթղթերի փաթեթ է: Իսկ այսօր ուրախ ենք հյուրընկալել իտալահայ հեղինակներ Սիրանուշ Կուարանտանին և Կարլո Կոպպոլանին, որոնք կներկայացնեն իրենց հեղինակած 1895-1896 թթ. համիդյան ջարդերի և հայր Սալվատորե Լիլլիի սպանության մասին պատմող գիրքը»:

Այնուհետև ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրման բաժնի վարիչ, պ.գ.թ. Շուշան Խաչատրյանը խոսել է հայր Սալվատորե Լիլլիի, նրա նահատակության և երանելիացման մասին, ապա խոսքը փոխանցել է գրքի հեղինակներին: Նրանք նշել են, որ Սալվատորե Լիլլին, որպես ականատես, նկարագրել է Օսմանյան կայսրության՝ հայ բնակչության դեմ իրագործած բռնաճնշումները, ապա ավելացրել է, որ հայր Սալվատորե Լիլլիի և նրան ուղեկցող յոթ քրիստոնյա աշխարհական հայերի նահատակվել են Մարաշի մոտակայքում ամենադաժան ձևերով: Այս մասին խոսել է նաև համիդյան կոտորածների ժամանակ Զեյթունի ինքնապաշտպանության պատմությունը գրող հաճընցի հնչակյան գործիչ Աղասին (Կարապետ Թուր-Սարգիսյան, 1871-1941)՝ իր «Զէյթուն եւ իր շրջակաները» գրքում: Հեղինակները նշել են, որ 1982 թ. Հռոմի Հովհաննես Պողոս 2-րդ պապի կողմից նրանք դասվել են երանելիների շարքին:

Շնորհանդեսի ավարտին ներկաները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղելու հեղինակներին:

 
 
 
 
 
 
 
 
 

  • Կիսվել: