երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայկական հեռուստաալիքների բյուջեն կախված չի լինի մեկ ընկերությունից

Հայկական հեռուստաալիքների բյուջեն կախված չի լինի մեկ ընկերությունից

Հայաստանի հեռուստաընկերությունները կկարողանան ինքնուրույն ընտրել, թե իր վարկանիշը որ ընկերությունը կազմի։ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծն այսօր 2-րդ և վերջնական ընթերցմամբ ընդունվեց 63 կողմ, 0 դեմ, 27 ձեռնպահ ձայներով:
 
Ձեռնպահ քվեարկեցին խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցությունները` «Հայաստան» և «Պատիվ ունեմ»։
 
Օրենսդրական նոր փոփոխությամբ հեռուստաալիքները կկարողանան նաև հստակություն պահանջել գնահատումների հարցում, որոնցից կախված են իրենց բյուջեները:
 
Ավելի վաղ ներկայացնելով օրինագիծը` հեղինակ, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը նշել էր, որ տարիներ շարունակ հեռուստաալիքների համար վարկանիշներ է կազմել ընդամենը մեկ ընկերություն՝ «Admosphere Armenia»–ն: Ստացվում էր` վարկանիշային ծառայությունների շուկան դե յուրե ազատ էր և ոչ մի կերպ չէր կարգավորվում, բայց դե ֆակտո այնտեղ գործում էր միայն մեկ ընկերություն։
 
Նրա խոսքով` վարկանիշը կազմվել է լսարանի գնահատականների և այլ չափանիշների հիման վրա, սակայն մինչև վերջ թափանցիկ չի եղել։ Այդ պատճառով ընկերության սեփականատերերը, կատարելով քաղաքական պատվերը, կարող էին բարձրացնել կամ իջեցնել այդ վարկանիշները՝ կախված հեռուստաալիքների քաղաքական հայացքներից։
 
Ըստ Գաբրիելյանի` դա ուղղակիորեն ազդել է հեռուստաալիքների բյուջեի վրա։ Հեռուստաալիքների բյուջեներն ընդհանուր առմամբ կազմում են տարեկան մի քանի միլիոն դոլար` չնայած վերջին տարիներին տարբեր հանգամանքներից ելնելով դրանք նվազել են:
 
Ի դեպ, օրենսդրական այս փոփոխությունը նախաձեռնվել է հենց հեռուստաալիքների պահանջով։

  • Կիսվել: