Հայկական գինու զբոսաշրջության 11 նախագիծ մասնակցում է Wine Travel Awards գինու զբոսաշրջության միջազգային մրցույթին
2022 թ մարտ ամսին առաջին անգամ կկազմակերպվի Wine Travel Awards 2021-2022 գինու զբոսաշրջության առցանց մրցանակաբաշխությունը: Հայաստանը` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի հովանավորությամբ և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) աջակցությամբ մրցանակաբաշխությանը կներկայացնի հայկական գինու զբոսաշրջության 11 նախագիծ:
Էկոնոմիկայի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ քվեարկությունը կսկսվի մարտի 1-ից www.winetravelawards.com կայքում: Հաղթողները կորոշվեն ինչպես հանրային քվեարկության, այնպես էլ գինու և էնոտուրիզմի փորձագետներից բաղկացած ժյուրիի գնահատման միջոցով:
«Նորարարական ձևաչափով այս մրցույթն անցկացվում է առաջին անգամ: Այն ներառում է թիրախային երկրներում միասնական գովազդային և տեղեկատվական արշավների իրականացում: Դրանք կնպաստեն առաջադրված գինու զբոսաշրջության նախագծերի, մրցույթի գործընկերների, ինչպես նաև մասնակից երկրների հանրահռչակմանը»,- նշեл է ՀԽԳՀ միջազգային ծրագրերի փորձագետ և նորարարական գինու զբոսաշրջության մագիստրոս Հայարփի Շահինյանը:
Թեկնածու նախագծերի մասին հոդվածները և պրոֆիլները կհրապարակվեն Wine Travel Awards Guide կատալոգում, որը կցուցադրվի գինու ոլորտի ամենակարևոր և հայտնի ցուցահանդեսներին՝ ներառյալ London Wine Fair և ProWein.
Բացի այդ, մրցույթից առաջ և հետո կիրականացվեն հանրային իրազեկման արշավներ թիրախային երկրներում՝ Իսպանիա, Ֆրանսիա, Իտալիա, Միացյալ Թագավորություն, Ուկրաինա, Վրաստան, Մոլդովա:
Տարբեր անվանակարգերում Հայաստանից առաջադրված թեկնածուների պրոֆիլները, որոնց համար կարող եք քվեարկել, ներկայացված են ստորև.
https://winetravelawards.com/nominee/wine-history-museum-of-armenia/
https://winetravelawards.com/nominee/areni-1-cave/
https://winetravelawards.com/nominee/momik-wine-cube/
https://winetravelawards.com/nominee/vine-and-wine-foundation-of-armenia/
https://winetravelawards.com/nominee/wines-of-armenia/
https://winetravelawards.com/nominee/wine-consumption-study/
https://winetravelawards.com/nominee/guidemaster-wine-tour-guide-program/
https://winetravelawards.com/nominee/evn-wine-academy-s-enology-and-wine-business-program/
https://winetravelawards.com/nominee/wines-of-armenia-2/
https://winetravelawards.com/nominee/vini-armenian-wine-guide/
https://winetravelawards.com/nominee/yerevan-wine-days/
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը ստեղծվել է 2016 թ ՀՀ կառավարության որոշմամբ` խաղողագործության և գինեգործության ոլորտների արդյունավետ և համակարգված զարգացման, ինչպես նաև պետական քաղաքականության նոր ռազմավարությունների և զարգացման ծրագրերի ներդրման նպատակով։
Հիմնադրամի գլխավոր նպատակը հայկական գինիների սպառման և արտահանման ծավալների ավելացումն է, «Հայաստանի գինիներ» բրենդի համաշխարհային ճանաչումը։
Հիմնադրամի նպատակներն են.
Աշխարհագրական ցուցիչների ազգային համակարգի ստեղծումը,
Խաղողի տնկիների կադաստրային համակարգի մշակումը,
Հայկական խաղողի գենետիկ ռեսուրսների ուսումնասիրությունը,
Տեղածին սորտերի պահպանությունը, սեփական հավաքածուի ստեղծումը,
Խոշոր և փոքր արտադրողներին աջակցությունն ու խորհրդատվության տրամադրումը,
Գինու տեխնոլոգների և գինեգործների ուսուցումը և մասնագիտական վերազինումը,
Հայկական գինիների առաջխաղացումը, արտահանմանն աջակցությունը,
Խաղողի սորտերի և այգիների, գինու արտադրությունների վերաբերյալ արդիական տեղեկատվություն պարունակող միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ստեղծումը՝ գինեգործական ապրանքների որակի վերահսկողության և հնարավոր կեղծարարություններից խուսափելու նպատակով։