Հայկական ատոմակայանի համար մենք թե՛ կադրեր ունենք, թե՛ ենթակառուցվածք. փորձագետ
Հայկական ատոմակայանի համար մենք թե՛ կադրեր ունենք, թե՛ ենթակառուցվածք։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 5-ին, «Նոր ատոմային բլոկը՝ ՀՀ էներգետիկ եւ ազգային անվտանգության համատեքստում» թեմայով կլոր սեղանի ժամանակ ասել է էներգետիկ անվտանգության գծով փորձագետ Կարեն Մուրադյանը։
«Եթե նայենք գիտատեխնիկական գրականությունը, ապա ամենուրեք նշվում է նույն բանը. ատոմային կայանի կիլովատի համար սահմանված արժեքները մինչեւ հիսուն տոկոսով որոշում են կայանի կադրերը եւ ենթակառուցվածքը։ Մասնավորապես, եթե խոսենք կայանի հզորության մասին, մեր հզորության հաղորդման սխեման՝ առանց լրացուցիչ կոպեկի ծախսերի, ապահովում է մինչեւ 1 815 մեգավատ, երբ երկու բլոկը մեզ մոտ աշխատի»,- նշել է փորձագետը։
Կարեն Մուրադյանը որպես օրինակ ներկայացրել է այն շրջանը, երբ Հայկական ատոմակայանի հզորության հաղորդման գոյություն ունեցող սխեման ավելացվում էր միայն երկու հարյուրանոց մեկ գծով՝ մինչեւ Սպիտակը։
«Սպիտակից հետո 500 կիլովոլտ գիծը գնում էր Վրաստան։ Սպիտակը եւ Այրումը էլեկտրական տեսանկյունից գրեթե նույն հանգույցն են փոխարինման սխեմայում։ Այսինքն՝ ոչ մի խնդիր մեզ մոտ չի լինի մոտ 1 000 - 1 200 մեգավատ հզորության հաղորդման սխեմայում, անգամ առկա սխեմայի դեպքում, առանց ավելորդ կոպեկի ներդրումների»,- ընդգծել է փորձագետը։


