ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայկական արբանյակի կառավարումն առաջիկայում ամբողջությամբ կիրականացվի Հայաստանից

Հայկական արբանյակի կառավարումն առաջիկայում ամբողջությամբ կիրականացվի Հայաստանից

Հայաստանն ամբողջությամբ ապահովված է հայկական արբանյակի կառավարումը ՀՀ տարածքից իրականացնելու համար անհրաժեշտ տեխնիկայով։ Այս մասին ԱԺ-ում 2022-ի բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումների ժամանակ հայտարարեց ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը։

Ըստ նախարարի՝ կառավարումն իրականացնելու համար հարկավոր է 2023-ին կառավարման կենտրոն ու ընդունիչ կայան ունենալ։ Կառավարման կենտրոնն արդեն լիարժեք կահավորված է, բայց պաշտոնապես դեռ չի բացվել։

«Բացման պաշտոնական արարողություն ուզում ենք անել, երբ ամբողջությամբ և՛ կառավարման կենտրոնը կլինի, և՛ ընդունիչ կայանը։ Դրա համար հիմա շատ չի շրջանառվում այդ նորությունը, որ կառավարման կենտրոնն ամբողջությամբ կահավորված է։ Սպասում ենք մոտակա ամիսների ընթացքում, որ նաև ընդունիչ կայանը ստանանք։ Ամեն ինչ պատրաստ է, մեր գործընկերների մոտ է, թղթաբանական աշխատանքներն են արվում, որպեսզի բեռնափոխադրումն արվի։ Դրանից հետո արդեն ամբողջությամբ կահավորված կլինի»,- ասաց Խաչատրյանը։

Ըստ նախարարի՝ այս պահին իրականացվում է կադրերի վերապատրաստման աշխատանք, որպեսզի կարողանանք արբանյակի կառավարումն ամբողջությամբ Հայաստանից իրականացնել:

«Տեխնիկապես արդենք մենք ունենք այդ հնարավորությունը՝ եղած սարքավորումներով անմիջական, ուղիղ հրահանգավորել արբանյակը: Կարծում ենք, որ աշխատանքները լավ, դրական դինամիկայով առաջ են գնում»,- ասաց Խաչատրյանը:

Հարցին՝ արդարացվե՞լ է հայկական արբանյակի համար կատարված ծախսը, ԲՏԱ նախարարը նշեց. «Կարծում եմ, որ 1 տարվա մեջ ասել, որ այդ ներդրումն արդարացված է, կամ այդ ներդրումն ամբողջությամբ մենք հետ կբերենք, իրատեսական չէ»։

Հիշեցնենք, որ «Urdaneta» արբանյակի գործարկումը տեղի է ունեցել 2022 թվականի մայիսի վերջին, այն վերանվանվել է «ArmSat-1»։ Նախատեսվում է, որ արբանյակից արված լուսանկարները կօգտագործվեն գյուղատնտեսության, բնապահպանության, քաղաքային պլանավորման և սահմանների մշտադիտարկման համար։

  • Կիսվել: