շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայկական առաջին արբանյակը կտրամադրի Երկիր մոլորակի դիտարկման ամբողջական համակարգը

Հայկական առաջին արբանյակը կտրամադրի Երկիր մոլորակի դիտարկման ամբողջական համակարգը

ARMSAT_1
SATLANTIS ընկերությունը հպարտությամբ հայտարարում է Հայաստանի հետ «Ուրդանետա» արբանյակի վերաբերյալ իր համագործակցության մասին: Կանավերալ հրվանդանից «Ուրդանետայի» հաջող մեկնարկից հետո ընկերությունը հայտարարում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ենթակա «Գեոկոսմոս» ընկերությանը Երկրի հեռակա դիտարկման ամբողջական համակարգ տրամադրելու վերաբերյալ համաձայնության մասին: ՀՀ Վարչապետի հայտարարության մեջ ասվում է, որ «Ուրդանետան», որն այժմ վերանվանվել է ARMSAT-1 աշխատանքային անվանումով, կլինի Հայաստանի առաջին արբանյակը տիեզերքում. դրանով Հայաստանը փաստացի դառնում է Տիեզերական ընտրված երկրների ակումբի անդամ։

«Մենք հպարտ ենք, որ մեր «Ուրդանետա» արբանյակը վերափոխում ենք ARMSAT-1 հայկական ռազմավարական առաջին արբանյակի: Մենք կաջակցենք ՀՀ կառավարությանը՝ աշխատատեղերի, մասնագետների և արտադրանքի ստեղծման որոշումներում»,- այս մասին նշում է իսպանական ընկերության նախագահ Ժան-Ժակ Դողդենը։

Ըստ զեկույցի՝ կան մի շարք ավելի մեծ երկրներ, որոնք դեռևս չունեն ARMSAT-1-ի նման 2 մետր լուծաչափով արբանյակ: Սա երկարաժամկետ հեռանկարի միայն սկիզբն է՝ հայկական նոր տիեզերական ռազմավարության մեկնարկը, որով կզարգանան ոլորտի ազգային կարողությունները և երիտասարդ ինժեներների տաղանդը՝ հիմնվելով SATLANTIS-ի առաջարկած մոդելի վրա:

8-ամսյա անհավանական արագ աշխատանքի արդյունքում, այս համաձայնագրի շնորհիվ, Հայաստանը արբանյակ է ուղարկում Տիեզերք։

Հաջող մեկնարկից հետո Հայաստանի առաջին արբանյակը՝ ARMSAT-1-ը, լավ կարգավիճակում է և պատրաստ է հանրային ծառայություն իրականացնել՝ ուղարկելով գործունակ տվյալներ առնվազն գալիք չորս տարվա ընթացքում: Ըստ իսպանական SATLANTIS-ի զեկույցի՝ մայիսի 26-ին ARMSAT-1-ը առաջին անգամ կապ է հատատել Երկրի հետ և ցույց է տվել իր ենթահամակարգերի անվանական (նոմինալ) կարգավիճակը։

Տիեզերական այս նախագծի մանրամասներն ու առաջին արդյունքները հանրությանը կներկայացվեն Երևանում կայանալիք Starmus գիտական համաժողովում, որին կմասնակցի Նոբելյան ինը մրցանակակիր՝ ներկայացնելով առաջիկա տարիների գիտական ամենաառաջադեմ մոտեցումները: Armsat-1-ի թռիչքը Հայաստանին կդիրքավորի որպես առաջադեմ երկիր հասարակության, գիտնականների և միջազգային հանրության առջև:

  • Կիսվել: