ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հայերի նկատմամբ ցեղասպան քաղաքականության դրսևորումները չեն սահմանափակվում միայն 1915 թվականի Հայոց ցեղասպանությամբ. Ֆրանսիայում ՀՀ դեսպան

Հայերի նկատմամբ ցեղասպան քաղաքականության դրսևորումները չեն սահմանափակվում միայն 1915 թվականի Հայոց ցեղասպանությամբ. Ֆրանսիայում ՀՀ դեսպան

Ֆրանսիայի Շարանտոն-լը-Պոն քաղաքի հայկական խաչքարի առջև ապրիլի 20-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված հանդիսավոր արարողություն՝ մասնակցությամբ Վալ-դը-Մարն դեպարտամենտի ղեկավարության, բազմաթիվ քաղաքապետերի և Ֆրանսիայի Ազգային ժողովի ու Սենատի անդամների։

 Այս մասին տեղեկանում են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից:

 

Իր ելույթի ժամանակ դեսպան Տոլմաջյանը հիշեցրել է, որ սեփական հայրենիքում հայերի նկատմամբ ցեղասպան քաղաքականության դրսևորումները չեն սահմանափակվում միայն 1915 թվականի Հայոց ցեղասպանությամբ։ Դրանք սկիզբ են առել դեռևս 19-րդ դար վերջին՝ Օսմանյան կայսրությունում 1894-1895 թվականների հայկական ջարդերով, շարունակական բնույթ ստացել 20-րդ դարի ընթացքում և հասել ընդհուպ մինչև մեր օրեր, ինչի ամենավերջին դրսևորումներն էին պատերազմն Արցախում և այդտեղ Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումներն ու խաղաղ բնակչության սպանությունները։

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել Շարանտոն-լը-Պոնի քաղաքապետ Էրվե Գիքելը, Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Միշել Էրբիյոնը և Վալ-դը-Մարն դեպարտամենտի նախագահ Օլիվիե Կապիտանյոն։ Արարողությանը ներկա են եղել և ծաղկեպսակներ տեղադրել Ֆրանսիայի Սենատի Արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնը, Սենատի մշակույթի և կրթության հանձնաժողովի նախագահ Լորան Լաֆոնը, Սեն Մորիսի քաղաքապետ Իգոր Սեմոն, Մեզոն-Ալֆորի քաղաքապետ Մարի-Ֆրանս Պարենը, ինչպես նաև մի շարք այլ քաղաքների ղեկավար ներկայացուցիչներ։

Միջոցառմանը ներկա են եղել նաև Ֆրանսիայի Հայոց թեմի նորընտիր առաջնորդ Տեր Գրիգոր վարդապետ Խաչատրյանը և Ալֆորվիլի հոգևոր հովիվ Տեր Տիրայր Քելեջյանը։

 

Հիշատակի արարողությանը մասնակցել է նաև ֆրանսիացի պատգամավոր Միշել Հերբիլլոն: Պատգամավորը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ու լուսանկարներ հրապարակել:

«Այսօր, ինչպես ամեն տարի, ներկա էի Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառմանը»,- գրել է ֆրանսիացի պատգամավորը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: