երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Հայերենը և պատմությունն աշակերտները պատշաճ կերպով պետք է անցնեն դպրոցներում. նախարար

Հայերենը և պատմությունն աշակերտները պատշաճ կերպով պետք է անցնեն դպրոցներում. նախարար

«Ես ինքս ռուսական դպրոց եմ ավարտել և գիտեմ՝ ինչ խնդիրներ է դա առաջացնում»,-այս մասին այսօր դասախոսների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ խոսելով իրենց ներկայացրած օրենքի նախագծի շուրջ դասախոսների բողոքների մասին:

Նախարարը, մասնավորապես, նշեց. «Ասում եք՝ դպրոցը կազմաքանդված է։ Իսկ բուհեր ավարտողների քանի՞ տոկոսն է պատշաճ գիտելիքով ավարտում բուհը։ Ասում եք ՝ հայերենի վատ գիտելիքով են գալիս բուհեր։ Հայերենի վատ գիտելիքով աշակերտները չեն ընդունվում բուհեր։ Առավել ևս՝ հիմա ֆիլտր է դրվելու և բոլորն են հայերեն հանձնելու։ Դուք ինքներդ եք տեսել, որ վերջին ընդունելության ժամանակ բավականին մեծ խստացումներ ենք արել, և շատերը կտրվել են քննությունից։ Ասում եք՝ պաշտպանեք հայերենը, պետականությունը, իսկ 2010 թ., երբ օտարալեզու դպրոցներ էին բացում՝ լեզվի մասին օրենք փոխելով, այստեղ նստածների միայն 10 տոկոսն էր պայքարում։ Ես ինքս ռուսական դպրոց եմ ավարտել և գիտեմ՝ ինչ խնդիրներ է դա առաջացնում։ Մենք ասում ենք, որ հայերենը և պատմությունը մեր աշակերտները պատշաճ կերպով և բարձր մակարդակով պետք է անցնեն դպրոցներում» ։

Հարությունյանն ասաց, որ նախագծում որոշ փոփոխություններ են կատարվել ․ «Ձեր հիմնական թեզն ակադեմիական ազատությունների մասով այն էր, որ ըստ նախագծի՝ դեկանները կլինեն նշանակովի, և պարզ է, որ նրանք կառավարվող կլինեն, նշանակված կլինեն նախարարության նշանակած ռեկտորի կողմից։ Մինչդեռ ձեր և 16 այլ ռեկտորների փաստարկն ընդունել ենք, և նախագծի մեջ փոփոխված է այդ դրույթը։ Մենք խնդրել էինք սպասել նախագծի հրապարակմանը, նոր դասադուլներ և գործադուլներ անել»։

Նա նաև շեշտեց, որ բոլոր փոփոխությունները կատարվում են՝ հաշվի առնելով վերջին տասնամյակում բերված առաջարկները, դիտարկումները, բողոքները, պահանջներն ու դիմումները․ «Մենք հո մեզանից չե՞նք հորինում, մենք կամայական որոշումներ չենք ցանկանում ընդունել համակարգում»։

Հակադարձելով դասախոսների բողոքներին՝ նախարարը նշեց. «Բանասիրական ֆակուլտետը քննարկում կազմակերպե՞լ է, թե ինչու են ութ բալով ընդունվում համալսարան: Սա ասում եմ, որովհետև շատ հաճախ լսվում է մեկնաբանություն, ասում են, որ մարդիկ մտահոգված են աշխատատեղ կորցնելով, դա ասում են, որովհետև երբ փոփոխություններ են սկսում, դուք հիշում եք համակարգի խնդիրները»:

Արայիկ Հարությունյանը նաև նշեց, որ նախագիծն ուժի մեջ է մտնելու 2022 թվականի սեպտեմբերից:

  • Կիսվել: