երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Հայաստանը միացել է «Միջազգային արևային դաշինքի հիմնադրման մասին» շրջանակային համաձայնագրին

Հայաստանը միացել է «Միջազգային արևային դաշինքի հիմնադրման մասին» շրջանակային համաձայնագրին

Հայաստանն այսօր միացել է «Միջազգային արևային դաշինքի հիմնադրման մասին» շրջանակային համաձայնագրին։ ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն Արտաքին գործերի նախարարությունում ներկա է գտնվել ստորագրման արարողությանը։

Համաձայնագիրը ստորագրել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը և բնօրինակը պաշտոնապես հանձնել է համաձայնագրի ավանդապահ պետություն հանդիսացող Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նիլակշի Սահա Սինհային։

Արարողությանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։
Ստորագրման արարողությունից հետո շնորհավորական ուղերձով հանդես է եկել ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

«Գաղտնիք չէ, որ Հնդկաստանն աշխարհի առաջատարներից է արևային էներգետիկայի ոլորտում և արևային էներգետիկայի ոլորտում համագործակցության հաստատումը դրական և նոր զարգացումների հիմք կստեղծի։ Հայաստանի համար ևս վերականգնվող էներգետիկան համակարգի զարգացման կարևորագույն ուղղություններից է․ վերջին տարիներին հատկապես զարգանում է արևային էներգետիկան»,-ընդգծել է նախարարը՝ հավելելով, որ համաձայնագրին Հայաստանի միացումը համահունչ է Էներգետիկայի զարգացման ռազմավարությանը, որով նախատեսվում է 2030թ արևային էներգիայի մասնաբաժինը հասցնել ընդհանուրի մեջ 15 տոկոսի կամ 1000 ՄՎտ-ի, իսկ 2030-2040թթ՝ կառուցել ևս 500 ՄՎտ գումարային հզորությամբ արևային կայաններ։

Միջազգային արևային դաշինքը հիմնադրվել է Հնդկաստանի և Ֆրանսիայի համատեղ ջանքերի շնորհիվ՝ կլիմայի փոփոխության դեմ աշխատանքները մեկտեղելու և արևային էներգիայի ռեսուրսները լայնորեն կիրառելու նպատակով:
Ներկայումս Դաշինքի շրջանակային համաձայնագիրը ստորագրել է 116 պետություն, որոնցից 94-ը ներկայացրել է վավերացման անհրաժեշտ փաստաթղթերը՝ դաշինքի լիիրավ անդամ դառնալու համար։

Դաշինքը, հանդիսանալով համաշխարհային հարթակ, սերտ համագործակցություն է ծավալում բազմակողմ զարգացման բանկերի (MDBs), զարգացման ֆինանսական հաստատությունների (DFIs), մասնավոր և պետական հատվածի կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և այլ միջազգային կառույցների հետ:

  • Կիսվել: