կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հայաստանում սննդամթերքի անվտանգության ոլորտում շարունակում է խնդրահարույց մնալ կենդանական ծագման մթերքների իրացումը

Հայաստանում սննդամթերքի անվտանգության ոլորտում շարունակում է խնդրահարույց մնալ կենդանական ծագման մթերքների իրացումը

Հայաստանում սննդամթերքի անվտանգության ոլորտում շարունակում է խնդրահարույց մնալ կենդանական ծագման մթերքների իրացման ուղղությունը։ Ամենախնդրահարույցը մսի վաճառքն է։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում  ասաց  Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, նշելով, որ  2020 թվականից գործում է իրավական կարգավորում, որով ամրագրվել է սպանդանոցային մորթի պարտադիր լինելը, սակայն խնդիրները շարունակվում են:

Ավետիսյանը մասնավորապես ասաց․ «Փորձը ցույց է տալիս, որ կան որոշ խմբեր, որոնք ինչ-որ մեխանիզմներ են մշակել ու խաբում են, թե մեզ, թե սպառողներին: Մենք էլ հիմա հակազդման միջոցառումներ ենք ձեռնարկում, որ կարողանանք կանխել ու թույլ չտալ, որ ոչ սպանդանոցային ծագման միս վաճառվի խանութներում»:

Մարտի 15-ից տեսչական մարմինն անցնում է ավելի խստացված ստուգումների թե սպանդանոցներում, թե իրացման ցանցում հանրային սննդի կենտրոնում՝ բացառելու նպատակով ոչ սպանդանոցային ծագման միս-մսեղեքի վաճառքը:

Ավետիսյանի խոսքով,  մեկ այլ գլխացավանք է փողոցային առևտուրը, բակային տարածքներում կենդանական ծագման մթերք վաճառելը: Ըստ նրա,  քանի դեռ սպառողը սնունդ գնում է փողոցում ապրանք վաճառողից, այդ խնդիրը չի լուծվելու: Այժմ տեսչական մարմինների համակարգման գրասենյակի հետ մեծ ծավալի աշխատանք է տարվում իրավական կարգավորումների ուղղությամբ:

«Մեր տեսչությունը իրավասություն չունի փողոցային առևտրի վրա ազդելու: Մենք արձանագրում ենք ու դիմում ենք ոստիկանությանն ու տեղական ինքնակառավարման մարմիններին»,-ընդգծեց Ավետիսյանը:

Նախորդ տարի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը գրեթե 100 տոկոսով կարողացել է իրականացնել իր պլանային ստուգումները: Դրանից բացի, մոտ 300 ստուգում է իրականացվել նաև քաղաքացիներից ստացված բողոքների հիման վրա:

  • Կիսվել: