կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Հայաստանում մենինգոկոկային վարակից մահվան դեպք է արձանագրվել. ՀՎԿԱԿ

Հայաստանում մենինգոկոկային վարակից մահվան դեպք է արձանագրվել. ՀՎԿԱԿ

Սեպտեմբերի 9-ին Վայոց ձորի մարզի բնակչի մոտ ախտորոշվել է «Մենինգիտ, մենինգոկոկցեմիա»: Նա հոսպիտալացվել է ծանր վիճակով, սակայն, ցավոք, հաջորդ օրը հիվանդի մոտ արձանագրվել է կենսաբանական մահ: Այս մասին տեղեկացնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
 
«Համաճարակաբանական հետազոտությունը և վարակի տարածման կանխարգելմանը ուղղված բոլոր անհրաժեշտ միջոցառումները իրականացված են: Սերտ կոնտակտավորների շրջանում հսկողությունը շարունակվում է տնայցերով:
 
Ի՞նչ է մենինգոկոկային վարակը
Այն սուր վարակիչ հիվանդություն է, որը հարուցվում է մենինգոկոկերի կողմից
 
Ինչպե՞ս է փոխանցվում վարակը
Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով:
Բնակչության 1-10%-ը կրում են մենինգոկոկային մանրէն բկանցքում առանց որևէ ախտանշանի և կարող են վարակը փոխանցել այլ անձանց
 
Ախտանշանները
* Բարձր ջերմություն
* Ուժեղ գլխացավ, պարանոցի կարկամում
* Սրտխառնոց, փսխում
* Թուլություն, քնկոտություն կամ գիտակցության խանգարում և ցնցում
* Մաշկի վրա հատուկ կարմիր-մանուշակագույն ցան (ավելի ուշ փուլում)
 
Ինչպե՞ս պաշտպանվել մենինգոկոկային վարակից
Առկա է մենինգոկոկային վարակից պաշտպանվելու 2 տարբերակ.
* պատվաստում
* ⁠կանխարգելիչ հակաբիոտիկոթերապիա
 
Եղեք ուշադիր, գանգատների դեպքում անհապաղ դիմեք բժշկական օգնության»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: