շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Հայաստանում կստեղծվի «Հանրօգուտ մեդիամիջավայր» անվանումով հիմնադրամ. շահառուն հեռուստադիտողն է

Հայաստանում կստեղծվի «Հանրօգուտ մեդիամիջավայր» անվանումով հիմնադրամ. շահառուն հեռուստադիտողն է

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն առաջարկում է ստեղծել նոր հիմնադրամ «Հանրօգուտ մեդիամիջավայր» անվանումով և հաստատել դրա կանոնադրությունը: Այդ մասին, այսօր՝ ապրիլի 17-ին, Կառավարության նիստի ժամանակ նշեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ներկայացնելով համապատասխան նախագիծը:

«Այս նախաձեռնությունը բխում է նրանից, որ դեռևս 2020 թվականին ընդունվեց «Տեսալսողական մեդիայի մասին» նոր օրենք, որը հանրային մուլտիպլեքսով հեռարձակվող հեռուստաալիքներին իմպերատիվ կերպով պարտադրում էր առնվազն 20 տոկոսը ապահովել հանրօգուտ կոնտենտով: Սա ասելով, նաև հաշվի առնելով միջազգային փորձը՝ մենք նկատի ունենք կրթական, գիտական, մշակութային, սպորտային, սոցիալական բովանդակությամբ այն կոնտենտը, որը, կոմերցիոն գործիքներից օգտվելով՝ կա՛մ չի կարողանում գումար գեներացնել, կա՛մ շատ բարդ է:

Այս նոր կարգավորումները, ինչպես նաև գովազդային շուկայում որոշակի սահմանափակումները, որ 2021 թվականի փետրվարից սկսած՝ ընկերությունները լիցենզիաներ ստացան՝ հանրային մուլտիպլեքսում հեռարձակվելու, որոշակի իրողություններ ստեղծեցին և մեզ դրդեցին լուծումներ առաջարկել ինդուստրիայի համար, ինչպես նաև աջակցել այդ ընկերություններին, հեռարձակողներին՝ ապահովելու այդ՝ առնվազն 20 տոկոս հանրօգուտ կոնտենտը: Արդյունքում որոշում կայացվեց ստեղծել հիմնադրամ, որը սերտորեն աշխատելով ինդուստրիայի հետ՝ կարողանա դրամաշնորհների միջոցով խրախուսել հանրօգուտ կոնտենտի հեռարձակումը հանրային մուլտիպլեքսի տարածքում»,- ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ պետք է պարզել՝ սա հեռուստաընկերությունների՞ համար է, թե՞ հեռուստադիտողների: «Եթե հեռուստաընկերությունների համար է, եկեք ոչ մի բան չանենք, ասենք՝ հեռուստաընկերությո՛ւն, քեզ՝ այսքան, քեզ՝ այսքան, որ յոլա եք գնում, մի քիչ էլ յոլա գնաք: Եթե հեռուստադիտողի համար է, ուրեմն պետք է ասենք՝ հեռուստաընկերությո՛ւն, այս արտադրանքը պետք է հասնի հեռուստադիտողին: Եթե դուք չեք կարողանում հեռուստադիտողին հետաքրքրել, ուրեմն մեր գումարը նպատակին չի ծառայում: Այստեղ է խնդիրը: Սա կանոնադրության մեջ պետք է ֆիքսվի»,- նշեց նա:

Նախարարն արձագանքեց՝ կանոնադրության մեջ կարող են խմբագրել այդ հատվածը, ապա հավելեց. «Շահառուն հեռուստադիտողն է, այսինքն՝ այս փոփոխություններն արվում են, որպեսզի համապատասխան բովանդակության քանակը՝ հեռուստաալիքների կողմից հեռարձակվող եթերի, ավելացվի: Այսինքն՝ շահառուն հեռուստադիտողն է, բայց չեմ կարող թաքցնել՝ սրանից օգտվելու են նաև հեռուստաալիքները»:

  • Կիսվել: